Ղարաբաղյան հակամարտությունն սկսում է նմանվել Իսրայելի եւ Պաղեստինի դիմակայությանը: Այդ մասին ադրբեջանական APA գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ Թեննեսի նահանգի Տեխնիկական համալսարանի քաղաքագիտության պրոֆեսոր Միխաել Գյունտերը:

Նրա խոսքով, Աբխազիան եւ Հարավային Օսիան արդեն երկրորդական խնդիրների շարքում են, որոնց ժամանակն արդեն անցել է, եւ դրանք չի կարելի համեմատել Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտության հետ:

Գյունտերը համոզմունք է հայտնել, որ հակամարտությունը պետք է կարգավորվի մոտ ապագայում: Անդրադառնալով Հարավային կովկասի տարածաշրջանի զարգացման խնդիրներին, նա նկատել է, որ տարածաշրջանն առաջին հերթին հրապուրիչ է նավթային ռեսուրսներով; «ԱՄՆ-ը դա գիտի, բայց միաժամանակ հասկանում է, որ ի տարբերություն Ռուսաստանի, Իրանի եւ Թուրքիայի, իրենք տարածաշրջանից հեռու երկիր են: Այդուհանդերձ, ԱՄՆ-ը շարունակում է հեգեմոն-երկիր մնալ, եւ իր շահերն ունի գլոբալ հարցերում, այդ թվում՝ Հարավային կովկասում»,- ընդգծել է ամերիկացի գիտնականը: