Հայ ազգային կոնգրեսը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ անդրադարձել է այսօր` նոյեմբերի 9-ի առավոտյան Շառլ Ազնավուրի հրապարակում ՀԱԿ-ի ակտիվիստ երիտասարդներին ոստիկանությունում ծեծի ենթարկելու առնչությամբ:
Ստորեւ ներկայացնում ենք հայտարարության տեսքտը.
«Այսօր առավոտյան, երբ Հայ ազգային կոնգրեսի մեկ տասնյակ երիտասարդ ակտիվիստներ բողոքի ակցիա էին իրականացնում Շառլ Ազնավուրի հրապարակում «Եվրամիություն-Հայաստան. քաղաքացիական հասարակության համաժողովի» անցկացման վայրի հարեւանությամբ, մի քանի տասնյակ ոստիկաններ, հարձակում են գործել, առանց որեւէ օրինական պահանջի եւ հիմնավորման բռնություն եւ ուժ կիրառել նրանց նկատմամբ, պատռել պաստառները, պատճառել մարմնական վնասվածքներ եւ նրանցից չորսին ապօրինի բերման ենթարկել ոստիկանություն: Լրագրողական տեսախցիկները ֆիքսել են ոստիկանների ապօրինի գործողությունները: Բռնություններն այնուհետեւ շարունակվել են նաեւ ոստիկանության բաժանմունք տանելու ճանապարհին եւ հենց ոստիկանության բաժանմունքում:
Այն փաստը, որ մի քանի տասնյակ ոստիկաններ արդեն հարձակվում են տասը ցուցարարների վրա, վկայում են մեկ պարզ բան. իշխանության ներսում եւ մասնավորապես իրավապահ կառույցներում այլեւս անդառնալի փլուզումը կասեցնելու նպատակով` իշխանությանը տիրացած հանցախումբը մի կողմից ուժի ցուցադրության առիթ է փնտրում, մյուս կողմից ամեն կերպ փորձում է տապալել Կոնգրեսի կազմակերպած միջոցառումները:
Հայ ազգային կոնգրեսը հայտարարում է. ոստիկանությունը, շարունակելով հանցախմբի պատժիչ գործիքի իր դերը, գործել է հերթական հանցագործությունը, որն ապագայում իրավական առումով անհետեւանք չի մնալու: Չնայած այս ապօրինություններին` Կոնգրեսը շարունակելու է իր ամենօրյա պայքարը ինչպես այս հանցագործ իշխանության, այնպես էլ նրա ծնած արատավոր բարքերի դեմ»:





























