Boeing Dreamliner օդանավը փորձնական թռիչքի ժամանակ սրահում ծխի բռնկման պատճառով վթարային վայրէջք է կատարել։

Boeing-ի ներկայացուցիչների խոսքով, օդանավը բարեհաջող վայրէջք է կատարել Տեքսաս նահանգի Լարոդո քաղաքի օդանավակայանում։ Անձնակազմի բոլոր անդամները տարհանվել են։ ԱՄՆ քաղավիացիայի դաշնային վարչության ներկայացուցչի տվյալներով, ծխի առաջացման պատճառները ճշտվում են, հայտնում է Associated Press-ը։

Boeing-787 Dreamliner-ը 1995 թվականին արտադրված Boeing-777-ին հաջորդած բոլորովին նոր օդանավ է։ «Երազանքի օդանավը» ընդունակ է տեղափոխել 210-250 ուղեւորների՝ անցնելով ավելի քան 14 հազար կմ ճանապարհ։ Այդ օդանավի գինը կազմում է շուրջ 160 մլն դոլար։ 787 Dreamliner-ն ավելի արագ է, թեթեւ եւ շրջակա միջավայրին ավելի քիչ վնասներ է պատճառում, քան նույն չափերի այլ օդանավեր, հաստատում է ընկերությունը։ Աշխարհի ավիընկերությունները Boeing-ին պատվիրել են, ընդհանուր առմամբ, 850 «Երազանքի օդանավ», հայտնում է «Ռոսբալթը»։