Այսօր` նոյեմբերի 10-ին Երիտասարդության համաշխարհային օրվա կապակցությամբ, Հնչակյան սոցիալ-դեմոկրատական կուսակցության  «Սարգիս Տխրունի» ուսանողական-երիտասարդական միությունը հանդես է եկել հայտարարությամբ եւ վեր հանել երիտասարդության առջեւ կանգնած խնդիրները:

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.

«1. Հայաստանի երիտասարդական քաղաքականությունը չի տարածվել եւ չի տարածվում երիտասարդական լայն շերտերի վրա, այլ ընդգրկում է այսպես կոչված «արտոնյալ խավին»: Չկա համակարգված երիտասարդական քաղաքականություն, որը ամուր կկապի հայ երիտասարդին իր Հայրենի հողին:

2. Վերջին երկու տասնամյակներում երիտասարդների արտագաղթը Հայաստանից հասնում է ահռելի տեմպերի, ինչն ուղղակիորեն վտանգում է  մեր երկրի ազգային անվտանգությունը:

3. Հայաստանում մնացած երիտասարդների մի ստվար հատված չի կարողանում աշխատանք գտնել, այսկերպ իր հանապազօրյա հացը վաստակելու համար:

4. Բարձրագույն ուսումնական հաստատություններ ավարտած երիտասարդներից շատերը հնարավորություն չունեն իրենց մասնագիտական կրթությամբ զբաղվածություն գտնել եւ ստիպված են լինում Հայրենիքից դուրս աշխատանքի տեղավորման մասին մտածել:

5. Կոռուպցիոն դրսեւորումները, ծանոթ-բարեկամով աշխատանք գտնելը նորություն չէ մեր հասարակության համար եւ ուղղակի  բացասական դրսեւորում ունի նաեւ հայ երիտասարդի վրա:

6. Երիտասարդ ընտանիքներին քաջալերող բոլոր ծրագրերը շատ փոքր տարածում ունեն, եւ մեծ հաշվով նորաստեղծ ընտանիքը չի կարողանում զգալ իր հետեւում պետության աջակցությունը:

Չնայած այս ամենին, Հնչակյան կուսակցության «Սարգիս Տխրունի» ուսանողական-երիտասարդական միությունը շնորհավորում է Հայ երիտասարդին տոնի կապակցությամբ, ինչպես նաեւ հիշեցնում բոլորին, որ երիտասարդությունն է հասարակության շարժիչ ուժը, որի նկատմամբ հոգածությունը, պետական իրական քաղաքականության մշակումն օրվա հրամայականն է»: