Գորիսի ոստիկանապետ Գեւորգ Ազիզյանի կողմից Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եղբոր՝ Սեյրան Խաչատրյանի որդուն՝ Էդմոնին, ծեծի վերաբերյալ քաղաքացու ահազանգի հիման վրա նախապատրաստված նյութերը ՀՀ գլխավոր դատախազությունն ուղարկել է ՀՀ ՀՔԾ:

Այս առնչությամբ, գլխավոր դատախազության տարածած հաղորդագրության մեջ ասվում է.

«2017 թվականի փետրվարի 27-ին քաղաքացի Լ.Ա.-ն, ահազանգելով ՀՀ ԿԱ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն, հայտնել է, որ նույն օրը ոստիկանության Գորիսի բաժնի պետն իր աշխատասենյակում ծեծել եւ հայհոյել է որդուն՝ Է.Ա.-ին, ու տվել երկու օր ժամանակ քաղաքից հեռանալու համար:

Նույն օրը՝ ժամը 22:25-ին, «Գորիս բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից ոստիկանության Գորիսի բաժին ահազանգ է ստացվել Է.Ա.-ի՝ «գլխուղեղի ցնցում՝ հարցականով» ախտորոշմամբ հիվանդանոց ընդունվելու մասին:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում նյութերի նախապատրաստման ընթացքում քաղաքացի Է.Ա.-ն հայտնել է, որ ոստիկանության Գորիսի բաժնի ՀՈԲ տեսուչին զանգահարելու եւ կարճ հաղորդագրություններ ուղարկելու համար 2017 թվականի փետրվարի 27-ին՝ ժամը 14-15-ի սահմաններում, հրավիրվել է ոստիկանության Գորիսի բաժին, որտեղ բաժնի պետը բռնություն է գործադրել իր նկատմամբ, ապա սպառնալիքներ տալով՝ իրենից պահանջել երկու օրվա ընթացքում հեռանալ քաղաքից:

2017 թվականի մարտի 1-ին նախապատրաստված նյութերը պահանջվել են ՀՀ գլխավոր դատախազության կողմից եւ ուղարկվել ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ հետագա ընթացքը լուծելու նպատակով»:

Ավելի վաղ NEWS.am-ի հետ զրույցում Սյունիքի նախկին մարզպետի եղբորորդի ներկայացած անձը հայտարարել էր, որ փետրվարի 27-ին ոստիկանության Գորիսի բաժնում ինքը ծեծի է ենթարկվել, ծեծին մասնակցել է նաեւ ոստիկանապետ Գեւորգ Ազիզյանը: Նրա խոսքով, պատճառը եղել է ոստիկանությունում աշխատող կին լեյտենանտներից մեկին զանգելն ու հաղորդագրություն ուղարկելը: Հաջորդ օրն առավոտյան իրենց տուն են գնացել ոստիկանության մի խումբ աշխատակիցներ եւ իրեն տարել են ոստիկանություն. «Տարան ոստիկանություն, հանեցին մայորի սենյակը, մայորը առանձնազրույց ունեցավ հետս, հետո ոստիկանապետը մտավ, ինձ ծեծի ենթարկեցին ոտքերով եւ ձեռքերով: Ես չգիտեմ, թե ոստիկանապետն ինչ խնդիր ունի իմ հետ, ինչու ինձ ծեծեց, կամ ինչ կապ ունի էդ աղջկա հետ»: