Հայաստանը 64 մլն դրամի (130 հազար եվրո) չափով կհամաֆինանսավորի Եվրոպական վերակառուցման եւ զարգացման բանկի կողմից Հրազդան քաղաքում աղբավայր կառուցելու ծրագիրը՝ հարկային պարտավորությունները կատարելու համար:
Կառավարության մարտի 2-ի որոշմամբ սահմանվել է, որ այդ նպատակով ՎԶԵԲ-ի կողմից 2017 թվականին տրամադրվող դրամաշնորհի (մոտ 800 հազար եվրո) 20 տոկոսի չափով համաֆինանսավորում կիրականացնի Հայաստանի Կառավարությունը:
ՀՀ կառավարության որոշման ընդունման կարիքն առաջացել է ՎԶԵԲ-ի վարկով եւ դրամաշնորհով Կոտայքի եւ Գեղարքունիքի կոշտ կենցաղային թափոնների կառավարման ծրագրի իրականացման համար անհրաժեշտ խորհրդատվական ծառայությունների համար վճարումների հարկային պարտականությունները կատարելու նպատակով’ համաֆինանսավորելու հնարավորություն ունենալու համար:
ՎԶԵԲ-ն ընդհանուր առմամբ, տրամադրել է 1,5 մլն եվրոյի դրամաշնորհներ աղբավայրի կառուցման, շահագործման եւ աղբահանության համար անհրաժեշտ տեխնիկայի ընտրության, գնումների գործում աջակցության, կառավարման ընկերության ունակությունների ստեղծման, անհրաժեշտ փաստաթղթավորումը կազմելու, ծրագրի սոցիալական ռիսկերի նվազեցման համար: Այդ գումարի մոտ կեսը ծախսվելու է 2017 թվականին, ինչի համար համապատասխան համաֆինանսավորում իրականացնելու համար ՀՀ կառավարության կողմից պետք է տրամադրվի 20%-ը, մոտ 130.000 եվրո (64 մլն. դրամ)՝ հարկերը վճարելու նպատակով: Համաֆինանսավորումը կկատարվի պետական բյուջեից: Փաստացի, համաֆինանսավումը կատարվում է հարկային պարտավորությունները կատարելու համար:
Ապագա աղբավայրը կսպասարկի 2 մարզ՝ Կոտայքի եւ Գեղարքունիքի։ Այն ծրագրվում է բացել 2018-ին։


























