Թուրքական TRT-ի եթերում 1981-ին Հռոմի Պապ Հովհաննես Պողոս 2-րդի դեմ մահափորձ իրականացրած եւ 1979-ին թուրքական Milliyet-ի խմբագիր Աբդի Իփեքչիի մարդասպան Մեհմեդ Ալի Աղջայի հարցազրույցը խիստ դժգոհությունների առիթ է տվել թուրքական լրատվամիջոցների ներկայացուցիչների շրջանում։
2010-ի հունվարի 18-ին կալանավայրից դուրս գալուց Մեհմեդ Ալի Աղջան փորձել էր մամուլի ասուլիս կազմակերպել եւ շոու սարքել, ինչին հետեւել էր թուրքական լրատվական դաշտի միահամուռ բոյկոտը՝ չանդրադառնալ մարդասպանի շոուներին:
Այս բոյկոտին վերջ դրեց թուրքական TRT Haber-ը, որը մարդասպանին կանչել է հարցազրույցի եւ ամենազավեշտալին այն է, որ հարցազրույցի ընթացքում նույնիսկ չի անդրադարձել Milliyet-ի գլխավոր խմբագրի սպանությանը։
Թուրքական հայտնի CNNturk եւ Kanal D հեռուստաընկերությունների գլխավոր խմբագիր Մեհմեդ Ալի Բիրանդը նշել է, թե առաջին անգամ լրատվական ամբողջ դաշտը միասնական բոյկոտ էր իրականացրել եւ չէր անդրադարձել Աղջային։ «Լրատվամիջոցի գլխավոր խմբագրին սպանողին եթեր հրավիրելը բոլորովին սազական չէր TRT-ին»-նշել է Բիրանդը:
Նշենք, որ 1981-ին Հռոմի Պապ Հովհաննես Պողոս 2-րդի դեմ մահափորձ իրականացրած եւ 1979-ին թուրքական Milliyet-ի խմբագիր Աբդի Իփեքչիի մարդասպան Մեհմեդ Ալի Աղջան TRT-ի ուղիղ եթերում հայտարարել է, թե Պապի դեմ մահափորձն իրեն հանձնարարել է հենց Վատիկանը։





























