Երեւանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետում այսուհետ դասավանդվելու է նաեւ ռազմական ժուռնալիստիկա առարկան: Այսօր առաջին դասը ԵՊՀ Չարենցի անվան դահլիճում անցկացրել է Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Իսկ ընդհանրապես, այդ առարկան դասավանդելու է Օհանյանի մամուլի քարտուղար Սեյրան Շահսուվարյանը:

Սեյրան Օհանյանը դասախոսություն է կարդացել բանակի գործունեության, առկա խնդիրների, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի ու հայ-թուրքական հարցերի վերաբերյալ:

Անդրադառնալով զանգվածային լրատվամիջոցների լուսաբանումներին՝ նախարարը ասել է, թե պիտի ԶԼՄ-ների գործունեության մեջ համապատասխան բեկում մտցվի."Ես չեմ ասում, որ մենք չտեսնենք այն թերությունները, որոնք որ կան զինված ուժերում եւ չտեսնենք այն բացթողումները, որոնք որ լինում են այս կամ այն անհատի, այս կամ այն ստորաբաժանման, այս կամ այն զորամիավորման հրամանատարի ոչ պատշաճ ծառայության վերաբերյալ, բայց նաեւ բանակը ունի համապատասխան գաղտնիություն",- ասել է նախարարը՝ հավելելով, որ ռազմական ժուռնալիստիկայի դասընթացները կնպաստեն՝ հասկանալու բանակային գաղտնիքները:

Նախարարի դասախոսության մեջ ընդգրկված է եղել նաեւ հրամանատար-զինծառայող հարաբերությունները: «Եթե առօրյա կյանքում զինծառայողները իրենց մշտական տեղակայման վայրում են, լինում են միջանձնային հարաբերություններ, լինում են հրամանատար-ենթակա հարաբերությունների խախտումներ: Ընդ որում այդ խախտումները լինում են ոչ միայն հրամանատարական անձնակազմի, այլ նաև ենթականների պատճառով, եւ շատ դեպքերում ենթակաների ոչ ճիշտ վարվելակերպը դրդում է հրամանատարներին՝ խախտել միջանձնային հարաբերությունները»,- մանրամասնել է նախարարը եւ որպես օրինակ հիշել օրերս հրամանատարի դաժան ծեծի պատճառով մահացած 3-ամսյա զինծառայող Արամ Մկրտչյանի դեպքը:

«Մենք ցավ ենք ապրում նման դեպքերում, բայց միայն այդպիսի դեպքով գնահատել բանակի մասին եւ ասել, որ բանակում համատարած անկարգություններ են լինում, չի կարելի ասել, որովհետեւ բանակը ի վերջո այսօր խնդիր է կատարում, ի վերջո մեկ հանցագործի պատճառով հասարակության մասին գնահատականներ չեն տրվում»:

Ուսանողները հետաքրքրվել են նաեւ հայ-թուրքական սահմանի բացման ու Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման իշխանության այսօրվա քայլերով, ինչին ի պատասխան Սեյրան Օհանյանը գովերգել է Սերժ Սարգսյանի կատարած քայլերը՝ այս հարցերի լուծման ուղղությամբ: