Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հարավային Կորեա մեկնելուց առաջ օդանավակայանում լրագրողների հետ զրույցում անդրադարձել է թուրք գործիչների ծաղրանկարներ հրապարակելու փաստին:

Թուրքական Radikal-ի փոխանցմամբ՝   լրագրողներից մեկը Էրդողանին խնդրել է մեկնաբանել ATV-ի եթերում Sabah թերթի ծաղրանկարչի ներկայացրած կարիկատուրան, որտեղ ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության ղեկավար Քեմալ Քըլըչդարօղլուն ներկայացվել էր պարուհու հանդերձանքով:

Թուրք լրագրողներին զարմացրել է Էրդողանի զավեշտալի պատասխանը. «Այդ հարցը ծաղրանկարիչներին պետք է տաք։ Երբ Թայիփ Էրդողանին կատվի եւ շան էին նմանեցնում, ոչինչ  չէիք ասում։  Այն ժամանակ պաշտպանում էիք դա՝ ասելով, թե ծաղրանկարիչները կարող են դա անել։  Ես այդպես էլ չկարողացա հասկանալ , թե ծաղրանկարիչների ազատության սահմանը որտեղ է։ Դուք այդ աշխարհից եք, դուք լավ կիմանաք»: