Վերաքննիչ քրեական դատարանն այսօր մերժել է երիտասարդ ընդդիմադիր Տիգրան Առաքելյանի պաշտպան Վարդուհի Էլբակյանի դիմումը՝ իր պաշտպանյալին գրավով ազատ արձակելու վերաբերյալ:

Հիշեցնենք, որ Առաքելյանը ձերբակալվել է հուլիսի 1-ին ոստիկանության աշխատակցի նկատմամբ բռնություն գործադրելու համար, մինչդեռ, ինչպես NEWS.am-ին հայտնել էր պաշտպան Վարդուհի Էլբակյանը, անգամ կադրերից էլ պարզ է, որ հուլիսի 1-ին հենց ոստիկաններն էին հարձակվել եւ դաժան ծեծի ենթարկել հանրահավաքի իրազեկման թռուցիկները բաժանող երիտասարդներին, իսկ ծեծի արդյունքում երեք երիտասարդ տեղափոխվել էին հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք: Այդ երիտասարդներից մեկը Տիգրան Առաքելյանն էր, մյուս երկուսի՝ անչափահասներ Հերբերտ Գեւորգյանի եւ Սահակ Մուրադյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը:

Առաքելյանի նկատմամբ սկզբնապես մեղադրանք էր առաջադրվել Քր.օր.-ի 258 հոդվածով (Խուլիգանություն): Ի դեպ, Առաքելյանի պաշտպան Վարդուհի Էլբակյանը նոր բողոք է ներկայացրել Վերաքննիչ դատարան՝ պահանջելով բեկանել Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայքների ընդհանուր իրավասության դատարանի՝ օգոստոսի 31-ին կայացրած որոշումը՝ Առաքելյանի խափանման միջոց կալանքը եւս երկու ամսով երկարաձգելու մասին:

Տիգրան Առաքելյանը առողջական խնդիրներ ունի եւ այժմ գտնվում է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում: