Հայ Ազգային Կոնգրեսի՝ հուլիսի 2-ին կայացած հանրահավաքում առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն անդրադարձավ նաեւ համաներման խնդրին՝ այն դիտարկելով իշխանությունների տեսակետից: "Եթե, ինչպես ասվեց, քաղբանտարկյալների, թեկուզ համաներման ճանապարհով ձեռքբերված ազատությունը, Համաժողովրդական շարժման կամ ընդդիմության հաղթանակն էր, ապա, բնականաբար, այն իշխանությունների պարտությունը պետք է համարել, ընդ որում, ներքին քաղաքականության բնագավառում նրանց առաջին պարտությունը՝ մարտիմեկյան սպանդից ու լայնածավալ հալածանքներից հետո,- պարզաբանեց առաջին նախագահն ու հավելեց, թե պաշտոնական քարոզչամեքենան եւ վարչախմբի սպասարկուները փորձում են համաներումը ներկայացնել որպես իշխանությունների բարի կամքի դրսեւորում կամ հասարակական համերաշխության վերականգնմանն ուղղված քայլ, բայց դա Եվրոպայի պատժամիջոցներից խուսափելու եղանակ էր իրականում. «Ավելորդ է, իհարկե, նշել, որ այդ ճնշումներն ու պատժամիջոցների կիրառման սպառնալիքներն էլ տեղի չէին ունենա, եթե Հայաստանի համաժողովրդական շարժումը մեկուկես տարի շարունակ ողջ աշխարհի առջեւ ի ցույց չդներ բռնատիրությունը չհանդուրժելու եւ սեփական իրավունքների համար մինչեւ վերջ պայ¬քարելու իր վճռականությունը։ Իսկ այն, որ Սերժ Սարգսյանի հռչակած համաներումը ոչ թե բարի կամքի կամ քաղաքական իմաստության դրսեւորում է, այլ ճարահատյալ քայլ, ապացուցվում է նրա կիսատ-պռատությամբ»։

Անդրադառնալով այն դատողություններին, թե անիմաստ էր Կոնգրեսի մասնակցությունը քաղաքապետի ընտրություններին, Լեւոն Տեր-Պետրոսյանը նշեց, թե ընդդիմությունը գիտեր, որ վարչախմբի կողմից ընտրությունները կեղծվելու էին, եւ, ըստ այդմ, խնդիր էին դրել, որ կեղծիքը բացահայտ ու ճչացող լինի՝ խնդիր, որը Սերժ Սարգսյանը հանճարեղորեն լուծեց խուժանի միջոցով։ «Եթե չմասնակցեինք, իշխանությունը հարկադրված չէր լինի դիմելու նախադեպը չունեցող այլանդակ կեղծիքների։ Ինչեւիցէ, հանգամանքների թելադրանքով ներքին քաղաքականության բնագավառում Սարգսյանի կատարած զիջումը դեռեւս դժբախտություն չէ։ Դժբախտությունը կգա այն ժամանակ, երբ նա, քաղաքական բռնությունների եւ ընտրությունների կեղծման պատճառով, ստիպված կլինի զիջումներ կատարել արտաքին ճակատում, մաս¬նավորապես, Ղարաբաղի հարցում։ Գագիկ Բեգլարյանի բռնի գահակալման գինը եւս, ինչպես Հայաստանում կատարվող բոլոր ապօրինությունների պարագայում, վերջին հաշվով վճարելու է Ղարաբաղը։ Ի դեպ, Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում առաջիկայում լուրջ զարգացումներ են սպասվում, որոնք, թերեւս, մեզ ստիպեն եւս մեկ արտահերթ հանրահավաք գումարելու»,- արձանագրեց առաջին նախագահը:

Լեւոն Տեր-Պետրոսյանը նաեւ նշեց, որ համաներումից հետո իշխանության եւ հասարակության հարաբերություններում ոչինչ չփոխվեց։ «Ընդհակառակը, քաղբանտարկյալների մի մասի ազատազրկման շարունակումը, ընդգծելով վարչախմբի ստորությունն ու սադիզմի աստիճանի հասնող քինախնդրությունը, ավելի խորացրեց նրանց միջեւ գոյություն ունեցող, առանց այդ էլ, ահռելի անջրպետը։ Պարզ չէ՞, միթե, որ համաներմամբ ազատ արձակված քաղբանտարկյալները, հայտնվելով դեռեւս ազատազրկման մեջ գտնվող իրենց ընկերների վիճակի հոգեբանական ճնշման տակ, կրկնապատկելու են Համաժողովրդական շարժման էներգիան։ Պարզ չէ՞, միթե, որ Հայ Ազգային Կոնգրեսը, համալրված իր ամենափորձառու ու խիզախ գործիչներով, ավելի նպատակասլաց կեր¬պով շարունակելու է ոչ միայն մնացյալ քաղբանտարկյալների ազատության, այլեւ ավազակապետության տապալման եւ Հայաստանում սահմանադրական կարգի վերականգնման համար մղվող պայքարը։ Գլխավորը չհոգնելը, չնվնվալը, չհուսալքվելն է. մնացյալը ժամանակի խնդիր է»,- հավաքված բազմության ոգեւորեց առաջին նախագահը։