Սարատովում ոստիկանությունը նախկինում դատապարտված տեղի բնակչի է ձերբակալել՝ ծաղկի խանութից վարդեր գողանալու համար: Ըստ ՌԻԱ Նովոստիի՝ տղամարդը դա արել է՝ մարտի 8-ին անծանոթ կանանց նվիրելու համար:
ՌԴ ՆԳՆ մարզային վարչության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ խանութի աշխատակցուհին տեղեկացրել է, որ անհայտ անձինք կոտրել են առեւտրի տաղավարի պատուհանն ու 25 ճերմակ եւ 25 կարմիր վարդ գողացել՝ շուրջ 3 հազար ռուբլի ընդհանուր արժողությամբ: Կասկածյալին ձերբակալել են:
«Չնայած նախկին մի քանի անգամ դատապարտված կասկածյալի խոստովանությանը՝ գողացված վարդերն այդպես էլ չեն հայտնաբերվել: Նա պարզաբանել է, որ ծաղիկները նվիրել է փողոցում հանդիպած անծանոթ կանանց»,- ասված է հաղորդագրությունում:
Ձերբակալվածին մինչեւ 5 տարի ժամկետով ազատազրկում է սպառնում:




























