Հայաստանի եւ Վրաստանի կառավարությունների միջեւ անցկացված քննարկումների արդյունքում «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲ ընկերությունը հայտարարում է Մոսկվա-Երեւան եւ հակառակ ուղղությամբ երկաթուղային եւ լաստանավային փոխադրումների սակագների նվազման մասին։

ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ ընկերության գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոն նախարար Վահան Մարտիրոսյանին է փոխանցել  սակագների օպտիմալացման վերաբերյալ վրացական եւ ռուսական կողմերի հետ տարված բանակցությունների արդյունքում այդ երկրների տարածքով տարատեսակ բեռների փոխադրման սակագների համար ստացվել են նվազեցնող գործակիցներ։

Այսպիսով, մինչեւ այս տարվա հունվար գործող սակագների համեմատ Մոսկվա-Երեւան ուղղության համար երկաթուղային եւ լաստանավային փոխադրման սակագները կնվազեն 32-35%-ով, իսկ Երեւան-Մոսկվա ուղղությամբ մինչեւ 52-54%-ով` կախված բեռի տեսակից: Սակայն կան բեռնատեսակներ, որոնց փոխադրման սակագները չեն նվազել:

«Վրացական կողմի հետ պայմանավորվածությունը եւ նոր նվազեցնող գործակիցներն ուժի մեջ են մտել այս տարվա փետրվարի 22-ից, իսկ մարտի 13-ին գործնական ուժ կստանան նաեւ ռուսական կողմի տրամադրած զեղչված սակագները»,- հայտնեց «ՀԿԵ» ՓԲ ընկերության գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոն։

Երթուղին շահեկան է ներմուծող-արտահանողների համար ոչ միայն սակագների մատչելիության տեսանկյունից, այլեւ այն իրական այլընտրանք է Վերին Լարսով անցնող ավտոմոբիլային երթուղուն։

Առաջարկվող երթուղու հարմարությունը եւ ճկուն սակագները թույլ կտան ապահովել լաստանավի ակտիվ աշխատանքը:

Երկաթուղային եւ լաստանավային փոխադրումներն առավել արդյունավետ են այն տեսանկյունից, որ չեն պահանջում բեռների լրացուցիչ վերաբեռնում երկաթուղային տրանսպորտից ավտոմոբիլայինին:

Արտահանման եւ ներմուծման համար ծախսվող ֆինանսների խնայման արդյունքում կկրճատվի նաեւ փոխադրվող բեռի` ապրանքների վերջնական արժեքը, ինչն, անկասկած, իր ազդեցությունը կունենա նաեւ  այդ ապրանքատեսակների գնագոյացման եւ ռուսական շուկայում հայկական ապրանքների մրցունակության վրա։