NEWS.am-ի ունեցած տեղեկություններով, Առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար Գագիկ Սայադյանն այսօր՝ նոյեմբերի 11-ին դիմում է ներկայացրել աշխատանքից ազատվելու մասին: Թե որն է եղել Սայադյանի՝ զբաղեցրած պաշտոնից սեփական դիմումի համաձայն ազատվելու պատճառը, առայժմ չի նշվում: Հարկ է նկատել, որ աշխատակազմի ղեկավարը քաղաքացիական ծառայող է, ում, ըստ կարգի, աշխատանքից ազատելը երկար ընթացակարգ էր ենթադրում:

Իսկ որպեսզի Սայադյանի «հարցերը լուծվեն» կարճ ու կոնկրետ, նա էլ մինչ այդ աշխատանքից հեռացած քաղծառայողների պես դիմում է գրել ու հեռացել:  Երկու օր առաջ, ինչպես արդեն տեղեկացրել է NEWS.am-ը,  վարչապետ Տիգրան Սարգսյանի  որոշմամբ Թաթուլ Հակոբյանն ազատվել էր Հայաստանի առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնից` իր դիմումի համաձայն։ Վարչապետի մեկ այլ որոշմամբ, Աբրահամ Մանուկյանը նույնպես իր դիմումի համաձայն ազատվել էր Հայաստանի առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնից:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 4-ի կառավարության նիստում Տիգրան Սարգսյանը խիստ քննադատության էր ենթարկել առողջապահության եւ կրթության ոլորտների պատասխանատուներին, հայտարարելով, որ «կոռուպցիան այդ ոլորտներում խորացել է»: Մասնավորապես, առողջապահության նախարար Հարություն Քուշկյանին առաջարկվել էր քննարկել փոխնախարարների եւ աշխատակազմի ղեկավարների պաշտոնանկության հարցը, եթե բավարար չեն պայքարում կոռուպցիայի դեմ։

Լուրն արդեն պատրաստ էր, երբ Հայաստանի վարչապետի աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը լրագրողներին պաշտոնապես տեղեկացրեց, որ Գագիկ Սայադյանն, իսկապես, աշխատանքից ազատվել է իր դիմումի համաձայն: