Երեկ՝ սեպտեմբերի 3-ին, Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան բռնցքամարտի Եվրոպայի կոնֆեդերացիային ծանուցել է Երեւանի՝ 2010 թ. տղամարդկանց Եվրոպայի առաջնության անցկացման իրավունքի հայտը չեղյալ հայտարարելու մասին։ Այս կերպ Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվան մնացել է մայրցամաքային առաջնությունն անցկացնող միակ թեկնածուն։
«Ճիշտն ասած,մի շարք պատճառներով մենք սպասում էինք դեպքերի նման շրջադարձի։ Մնացյալ ժամանակում ուրիշ ոչ մի քաղաք չի կարող առաջադրել իր թեկնածությունը, այնպես որ Մոսկվան է հպարտ միայնությամբ մնացել Եվրոպայի առաջնության անցկացման հավակնորդը»,- հայտարարել է Ռուսաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի գործադիր տնօրենը։
Նշենք, որ եվրոպական առաջնության անցկացման մտադրության մասին այս տարվա մարտին հայտարարել էր Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արման Մուրադյանը։
Հիշեցնենք, որ չորս ամիս առաջ Երեւանը բարձր մակարդակով կազմակերպել էր բռնցքամարտի աշխարհի պատանեկան առաջնությունը:



















