Հանրահայտ Rolling Stone ամսագրի իտալական տարբերակի մարտի համարի շապիկը զարդարել է Հռոմի Ֆրանցիսկոս Պապի դիմանկարը: Ժպտացող Պապի լուսանկարը մակագրված է՝ «Papa Pop», հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Ամսագիրը ներկայացրել է նաեւ մարտի 25-ին Պապի՝ Միլան կատարելիք այցի հիմնական կետերը: Նշվում է, որ սա կլինի նրա երկրորդ այցը Հյուսիսային Իտալիա եւ կաթոլիկ եկեղեցու հովվապետ նշանակվելուց հետո առաջին այցը Միլան: Քաղաքի ծայրամասում նախատեսված է քահանայապետի հանդիպումը միգրանտների հետ: Նա կայցելի նաեւ քաղաքի մայր տաճար եւ բանտ:

Ամսագիրը Պապի այցը «պատմական» է որակել: Ֆրանցիսկոս Պապը նման պատվի արժանացել է, քանի որ նրա խոսքերը «լի են ողջախոհությամբ եւ ամենաղքատներին ու դժբախտներին ուղղված ուշադրությամբ»: