Կորեայի մայրաքաղաք Սեուլում նոյեմբերի 11-ին մեկնարկում է «Մեծ քսանյակի»՝ G-20-ի գագաթաժողովը: Հանդիպումը տեւելու է երկու օր: Խոշորագույն երկրների առաջնորդները քննարկելու են համաշխարհային տնտեսության առողջացման խնդիրները: Ընդ որում, ինչպես նշում է BBC-ն, որոշ փորձագետներ մտավախություն ունեն, որ Սեուլի հանդիպումը կարող է վերաճել Չինաստանի եւ ԱՄՆ-ի բացահայտ ընդհարման՝ «արժութային պատերազմների» եւ առեւտրային անհամաչափությունների կապակցությամբ:
Առաջին անգամ գագաթաժողովը ընթանում է «Մեծ ութնյակի» երկրների սահմաններից դուրս՝ անվտանգության խստացված միջոցների պայմաններում: Համաշխարհային առեւտրի կենտրոնում տեղակայված են 50 հազար ոստիկաններ եւ հատուկ նշանակության ուժերի մարտիկներ: Այդ միջոցները մի քանի օրով շարքից հանել են մեկուկես հազար խանութների բիզնեսը:
Կենտրոնի շուրջ անվտանգության երեք օղակ է ստեղծվել եւ կառուցվել է երկու մետր բարձրությամբ մետաղյա պարիսպ: Կազմակերպիչները հոգացել են ջրի անվտանգությունը ստուգելու մասին: Դրա համար ստորգետնյա պահեստարանում վեց ոսկե ձկնիկներ են լողալու, որոնք էլ կդառնան ջրի մաքրության ցուցիչը՝ այն թունավորելու ահաբեկիչների փորձերի դեպքում:





























