Հայաստանի Ազգային ժողովն առաջիկայում քննարկելու է մայիսի 20-ը որպես «Շախմատի օր» տոնելու հարցը:
ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ սեպտեմբերի 4-ին տեղի է ունեցել ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստը, որտեղ քննարկվել եւ դրական եզրակացություն են ստացել մի խումբ օրինագծեր:
Մասնավորապես, պատգամավոր Վիկտոր Դալլաքյանն առաջարկել է փոփոխություններ կատարել «ՀՀ տոների եւ հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում: Լրացմամբ առաջարկվում է օրենքում որպես «Շախմատի օր» հռչակել մայիսի 20-ը` ի պատիվ շախմատիստ Տիգրան Պետրոսյանի` 1963 թվականի մայիսի 20-ին տարած մեծ հաղթանակի: Կառավարության եւ ՀՀ շախմատի ֆեդերացիայի կարծիքը ներկայացված առաջարկության վերաբերյալ դրական էր: Օրինագիծը ստացել է հանձնաժողովի դրական եզրակացությունը, այն կընդգրկվի ԱԺ աշնանային եւ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգերում:



















