ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 41-ամյա Վարդուհի Սարոյանի մահվան դեպքի առթիվ:

2017թ. մարտի 7-ին՝ ժամը 19:10-ին, շտապօգնության կայանից ահազանգ է ստացվել առ այն, որ Հրաչյա Քոչարի փողոցում գտնվող շենքերից մեկում հայտնաբերվել է կնոջ դի:

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը: Ձեռնարված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ մահացած կինը հանդիսանում է Երեւան քաղաքի բնակչուհի, 1976թ. ծնված Վ.Սարոյանը։ Նախնական տվյալներով՝ կինն ընկել է բնակելի շենքի կողային հատվածում առկա հրդեհային տագնապի ժամանակ օգտագործվող աստիճանավանդակի 4-րդ եւ 5-րդ հարկերի միջանցիկ հարթակից:

Դեպքի վայրի զննությամբ՝ կնոջ ձախ ձեռքին հայտնաբերվել է կպչուն ժապավենով փակցված երկու ծրար, որոնց մեջ եղել են մատիտով կատարված ձեռագիր գրառումներ՝ ուղղված հարազատներին: Աստիճանավանդակի 4-րդ եւ 5-րդ հարկերի միջանցիկ հարթակից հայտնաբերվել է նաեւ ստվարաթղթե տոպրակ, որի մեջ եղել է կպչուն ժապավեն եւ մատիտ:

ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Իրականացվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ կնոջ մահվան իրական հանգամանքները պարզելու ուղղությամբ: