Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր հանդիպել է ՄԱԿ-ի ծրագրով Նուբարաշենի թիվ 11 հատուկ դպրոցում կամավորական աշխատանք կատարող երիտասարդներին։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 1-ին կամավորներները բողոքի ակցիայի էին կազմակերպել ԿԳ-ի առջեւ՝ պահանջելով ուշադրություն դարձնել հատուկ դպրոցներում տիրող սանիտարահիգենիկ պայմաններին, կրթության եւ սննդի որակին, ինչպես նաեւ դպրոցում կատարվող սեռական ոտնձգություններին։

Արմեն Աշոտյանը խոստացել էր սեպտեմբերի 4-ին հանդիպել երիտասարդների հետ եւ քննարկել այդ հարցերը։

Ինչպես NEWS.am-ի թղթակցին հաղորդեց հանդիպման մասնակից, կամավորական խմբի անդամ Արման Ղարիբյանը, ԿԳ նախարարը խոստացել է ստեղծել խումբ, որը այցելություններ կկատարի հատուկ դպրոցներ։ Այցելությունները նախատեսվում է սկսել հաջորդ ամսվանից։ Առաջիկա օրերին կմշակվի եւ կներկայացվի աշխատանքների ձեւաչափը։ Այցելությունների ընթացքում ձեռք բերված տեղեկություններն ու զեկույցները ներկայացվելու են նաեւ որպես ԿԳ-ի պաշտոնական տեղեկություններ:

2 ժամից ավելի տեւած հանդիպմանը ներկա են եղել նաեւ «Ժառանգություն» խմբակցության անդամ, պատգամավոր Անահիտ Բախշյանը, «Էկոդար» հասարակական կազմակերպության նախագահ Հրայր Սավզյանը, լրագրող Սյուզան Սիմոնյանը, «SOS Թեղուտ» շարժման ակտիվիստ Մարիամ Սուխուդյանը եւ այլք։