Ադրբեջանցի իրավապաշտպանները, լրագրողներն ու քաղաքական այլախոհները դարձել են հզոր արշավի զոհերը, որի ժամանակ նրանց էլեկտրոնային նամակաները, Facebook-ի շփումներն օգտագործվում են՝ նրանց անձնական տեղեկատվությանը մուտք ունենալու համար: Այս մասին ասվում է Amnesty International-ի նոր զեկույցում:
Հետաքննությունը պարզել է, որ վերջին 13 ամսվա ընթացքում գրոհները ուղղվել են կառավարությանը քննադատողների դեմ: Կիբերհարձակումների զոհերը Amnesty International-ին ասել են, որ այդ գրոհների ետեւում ադրբեջանական իշխանություններն են:
«Վնասաբեր ծրագիրը մշակվել է ավելի շատ անձնական տեղեկատվություն ստանալու հստակ նպատակով: Հաշվի առնելով այդ թիրախային խմբերի պրոֆիլները՝ դժվար չէ հասկանալ, թե ինչու են զոհերը կարծում, որ դրա ետեւում իշխանություններն են»,- հայտարարել է Amnesty International-ի ներկայացուցիչ Կլաուդիո Գուարնյերին:
«Կեղծ ընկերներ կամ թե ինչպես են կեղծ հաշիվները եւ վնասաբեր ծրագրերը վարակում այլախոհներին Ադրբեջանում» կոչվող զեկույցում մանրամասն նկարագրվում է , թե ինչպես է գործում վիրուսային ծրագիրը՝ մասնավորապես կեղծ հասցեից ուղարկելով նամակ եւ կցված հավելված: Եթե ստացողը բացում է հավելվածը, վիրուսը մուտք է գործում համակարգիչ եւ ուղարկում մոնիտորի վրա եղած ամեն ինչ եւ արտատպում ամեն ինչ, ինչ զոհը տպագրում է:
Amnesty International-ին չի հաջողվել անմիջապես գտնել կառավարության հետքը, սակայն «pantera» կոչվող օնլայն նույնականացման համակարգը, որը վերահսում է վնասաբեր ծրագրերը, օգտագործում է IP հասցեն այն հասցեների «բլոկից», որտեղ առավելապես պետական ենթակառուցվածքներն են, օրինակ, ԱԳՆ-ն, Արդարադատության նախարարությունը, պետհեռուստաընկերությունը:




























