Ընտրությունների ժամանակ արձանագրվող կեղծիքների ցուցանիշը  տարեցտարի  պակասում է: Այս հետեւության հեղինակը ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն է, ով նման հայտարարություն արեց նոյեմբերի 11-ին հրավիրված ասուլիսում:

Հարցին, թե եթե գալիք խորհրդարանական ընտրությունների ժամանակ  խախտումներ արձանագրվեն, ՕԵԿ-ը պատրա՞ստ է բողոքարկել դրանք, ինչպես 2007-ի խորհրդարանական եւ 2008-ի նախագահական ընտրությունների ժամանակ տեղի ունեցավ, Բիշարյանը պատասխանեց. «Չկա մի երկիր, որտեղ կեղծիքներ չլինեն, բայց դրանց տոկոսները պետք է գնալով նվազեն եւ, ի վերջո, հասնեն այն վիճակի, որ առանց կեղծիքների ընտրվի այն մարդը, որին ժողովուրդն ուզում է: Ես անկեղծ եմ ասում, որ ընտրակեղծիքների ցուցանիշը շատ արագ չի վերանա, բայց կարծում եմ, որ կնվազի»,-հույս հայտնեց  ՕԵԿ փոխնախագահը:

Հիշեցնենք, որ 2008-ի նախագահական ընտրություններից առաջ եւ հետո  Հեղինե Բիշարյանը պարբերաբար ահազանգում էր ընտրակեղծիքների մասին: «Երկրի հարուստ օլիգարխներից մեկը` Սամվել Ալեքսանյանը,  բացել է փողի տոպրակները, կաշառում է ոչ միայն ժողովրդին, այլեւ ընտրական հանձնաժողովի անդամներին, նախագահներին, որոնք պետք է ապահովեն իշխանության թեկնածուի ձայները»,-հայտարարում էր Բիշարյանը: Իսկ ընտրություններից օրեր անց Ազատության հրապարակում Համաժողովրդական Շարժման կողմից հրավիրված հանրահավաքի ժամանակ հարթակից հայտարարեց ընտրակեղծարարներին պատասխանատվության ենթարկելու մասին, պնդելով, որ «յուրաքանչյուրը գլխով պատասխան է տալու կեղծիքների համար»: Դրանից մի քանի օր անց ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը միացավ Բիշարյանի կողմից ընտրակեղծիքների մեջ մեղադրվող իշխանությանը:

Կոալիցիայում աշխատելու ընթացքում,  փաստորեն, տիկին Բիշարյանը կտրուկ լավատես է դարձել եւ խոսում է   ընտրակեղծիքների տոկոսի նվազման մասին: Իսկ նախկին  ընտրակեղծարարներին «գլխով պատասխանատվության ենթարկելու»  անհրաժեշտությունը ՕԵԿ փոխնախագահը երեւի մոռացության է տվել՝ բոլորին հայտնի պատճառներով: