Կոալիցիան իր ներքին գզվռտոցը լուծեց կնոջ հեռացնելու հաշվին, նոյեմբեր 11-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «Ժառանգության» պատգամավոր Անահիտ Բախշյանը՝ խոսելով Արեւիկ Պետրոսյանին Ազգային ժողովի փոխխոսնակի պաշոտնից հեռացնելու մասին։

«Արեւիկ Պետրոսյանը  որպես ԱԺ փոխխոսնակ՝ բավական գրագետ եւ կոմպետենտ անձնավարություն էր։ Ես չեմ ողջունում  այդ քայլը, եւ դա ոչ միան նրա համար, որ Արեւիկ Պետրոսյանը մեր սեռն էր ներկայացնում։ Պարզապես իրենց հաշիվներն էլի  կնոջ հաշվին մաքրեցին»,- նկատեց Բաշխյանը։
ՀՅԴ խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը եւս ցավ հայտնեց ՀՀ խորհրդարանի փոխնախագահի հրաժարականի փաստի շուրջ։ «Շատ եմ ցավում սրա համար, բայց ոչ թե այն  պատճառով, որ էլ ավելի խախտվեց գենդերային անհավասարությունը, այլ նրա, որ Արեւիկ Պետոսյանն իրապես բանիմաց էր։ Ես գնահատում էի նրա աշխատանքը։ Բայց դա կոալիցիայի եւ անձամբ նրա կուսակցության որոշումն էր, որը պարտադիր չէ, որ մենք կիսենք»,- նշեց ՀՅԴ պատգամավորը։

Անդրադառնալով պետական մարմիններում պատասխանատու պաշտոններ զբաղեցնող կանանց եւ նրանց կոռումպացված լինելու աստիճանին՝ երկու բանախոսներն էլ կարծիք հայտնեցին, որ կանայք հասարակության մեջ որպես կոռուպցիայի կրողներ չեն ընկալվում։ «Պարզապես նրանք հաճախ իշխանության ձեռքին լավ գործիք են դառնում»,- ասաց Բաշխյանը՝ միաժամանակ համոզմունք հայտնելով, որ Հայաստանում կաշառակերները տղամարդիկ են։

Հարցին թե ինչպե՞ս կարելի է պատկերացնել Հայաստանի ապագան, եթե մի օր նրա նախագահը կին լինի, Բախշյանը նկատեց. «Երանի այդ օրը գա։ Եթե հանրապետության նախագահ դառնա մի կին, ում կընտրի ժողովուրդը, շատ խնդիրներ, որ ծառացած են մեր առջեւ, կլուծվեն։ Կինն ավելի պատասխանատու է»,- հիմնավորեց  «Ժառանգության» պատգամավորը։

Լիլիթ Գալստյանն էլ իր հերթին ավելացրեց, որ կանացի խոհեմությունը, իմաստությունը եւ հավասարակշռվածությունը մեծապես կօգնեն կին-նախագահին։ «Սակայն մեր հասարակությունը հոգեպես պատրաստ չէ որպես երկրի նախագահ տեսնել կնոջ. Ես սա ցավով եմ ասում»,- նշեց ՀՅԴ պատգամավորը: