Հայաստանի իշխանությունների առաջնահերթ խնդիրներից մեկը երկրում գործարար եւ ներդրումային մթնոլորտի բարելավումն է: «Իզվեստիա» պարբերականում հրապարակված հոդվածում նշել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանում ներդրումներ կատարելու համեմատական առավելություններից մեկն այն է, որ երկիրն առեւտրի արտոնյալ ռեժիմ ունի բազմաթիվ երկրների եւ ազատ առեւտրի մասին համաձայնագրեր՝ ԱՊՀ բոլոր պետությունների հետ: Հահաստանն օգտվում է առեւտրի արտոնյալ ռեժիմների առավելություններից, ԱՄՆ-ի, Կանադայի, Շվեյցարիայի, Ճապոնիայի, Նորվեգիայի հետ՝ GSP համակարգից, իսկ ԵՄ անդամ պետությունների հետ՝ GSP+ համակարգից:

«Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելուց հետո մեր տնտեսական եւ առեւտրային հնարավորությունները զգալիորեն ընդլայնվել են՝ հաշվի առնելով, որ մեր առջեւ բացվել է ԵՏՄ անդամ երկրների 180 միլիոնանոց սպառողական շուկան: Միությունն ապրանքների, ծառայությունների, աշխատուժի եւ կապիտալի ազատ տեղաշարժի հնարավորություններ է ստեղղծում: Սրանք, անկասկած, մեծ առավելություններ են:

Հայաստանի առեւտրատնտեսական առանցքային գործընկերներից, մեր տնտեսության գլխավոր ներդրողներից մեկը Ռուսաստանն է, որը ներգրավված է բազմաթիվ ոլորտներում՝ էներգետիկա, տրանսպորտ, մետալուրգիա, հեռահաղորդակցություն: Ընթացիկ տարում մենք նշում ենք երկու երկրների դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակն ու Բարեկամության, համագործակցության եւ փոխօգնության պայմանագրի 20-ամյակը: Բայց մենք մտադիր չենք բավարարվել ձեռք բերածով: Մեր համագործակցության ներուժը, անկասկած, շատ ավելի ընդարձակ է: Հենց դա է մեր երկրների կառավարություններին մոտիվացնում նորարարական լուծումներ որոնելու հարցում՝ տնտեսական փոխշահավետ համագործակցությունը զարգացնելու հարցում»,- նշել է նախագահը:

Սերժ Սարգսյանը հիշեցրել է, որ 2015 թվականին անցկացված սահմանադրական հանրաքվեից հետո Հայաստանը հիմնարար քաղաքական վերակազմավորումների շեմին է, որոնք ուղղված են լիարժեք խորհրդարանական կառավարման համակարգի ձեւավորմանը: Ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդում, բաց քաղաքացիական հասարակության զազրգացում, կոռուպցիայի դեմ պայքար, թափանցիկ եւ արդյունավետ կառավարման համակարգի ձեւավորում. սա է մեր երկրի զարգացման ռազմավարական ընթացքը: «Այսօր Հայաստանի ղեկավարության առջեւ կանգնած գլխավոր խնդիրներն են անվտանգության եւ կայուն ժողովրդավարական զարգացման համար պայմանների ապահովումը»,- ասված է հոդվածում: