Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 7-8-ը պաշտոնական այցով կմեկնի Խորվաթիայի Հանրապետություն:
ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ այցը կայանալու է Խորվաթիայի Հանրապետության նախագահ Ստեպան Մեսիչի հրավերով:
Այցի առաջին օրը Վելիկի Բրիյուն կղզում ՀՀ նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունից հետո Սպիտակ առանձնատանը տեղի կունենա նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Ստեպան Մեսիչի առանձնազրույցը, որին կհաջորդի պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը:
Բանակցությունների ավարտին նախագահները հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով:
Սեպտեմբերի 7-ի երեկոյան նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը Պուլայից կմեկնի Զագրեբ:
Այստեղ Հայաստանի եւ Խորվաթիայի նախագահները ներկա կգտնվեն հայ-խորվաթական բիզնես-ֆորումի բացմանը, հանդես կգան ելույթներով:
Զագրեբում Սերժ Սարգսյանը հանդիպումներ կունենա Խորվաթիայի Ազգային Ժողովի նախագահ Լուկա Բեբիչի եւ վարչապետ Յադրանկա Կոսորի հետ:
Սերժ Սարգսյանը կայցելի նաեւ պատմամշակութային վայրեր:
ՀՀ նախագահի գլխավորած պատվիրակությունը Երեւան կվերադառնա սեպտեմբերի 8-ի երեկոյան:




























