«Թրամփը փորձում է դուռը փակել մուսուլման փախստականների առջեւ։ Իսկ Մերկելը բացել է այդ դուռը։ Թրամփն ինքն իրեն կոշտ բանակցող է համարում։ Իսկ Մերկելը հավասարակշռված փոխզիջում գտնելու վարպետ է։ Թրամփի համար առաջնայինը Ամերիկան է։ Իսկ Մերկելը նախեւառաջ գլոբալիստ է»,- գրում է The Washington Post–ը։ Նախագահ Թրամփը պատրաստվում է այս շաբաթ Սպիտակ տանը հանդիպել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ ։ Դա նրանց առաջին դեմ առ դեմ հանդիպումն է լինելու։ Հանդիպելու են երկու առաջնորդներ, որոնք այդքան քիչ ընդհանրություն ունեն, ու փորձելու են կառուցել հարաբերություններ, որոնք կարող են որոշել տրանսատլանտյան կապերի ապագան»։

Այցելությունը, որը նշանակված էր երեքշաբթի, հետաձգվել է մինչեւ ուրբաթ՝ Վաշինգտոնում վատ եղանակի պատճառով։

«Չնայած Մերկելը Թրամփի ու նրա նախընտրական թիմի թիրախներից մեկն է եղել, բայց նա պատրաստ է մոռանալ այդ մասին» , ասվում է հոդվածում։

«Խոսել իրար հետ, այլ ոչ թե իրար մասին՝ սա է լինելու իմ կարգախոսը այդ այցելության ժամանակ, որին ես անհամբեր սպասում են»,- ասել է Մերկելը։

«Արդյոք Թրամփը կընդունի այդ նվերը՝ մնում է միայն գուշակել, բայց Մերկելի այցելությունն, անկասկած, ուշադրություն կգրավի  Թրամփի ոչ ավանդական նախագահության կապակցությամբ Բեռլինի լուրջ մտավախությունների վրա։ Այդ մտավախություններից են առեւտրային պատերազմի ու ԵՄ-ի քայքայմանն ուղղված քայլերի հնարավորությունը, նաեւ Մերձավոր արեւելքի հարցում կոշտ մոտեցումը, որը կարող է փախստականների հետ նոր ճգնաժամի պատճառ դառնալ»,- ասվում է հոդվածում։

«Մերկելն ուզում է Գերմանիայում ու Եվրոպայում քաղաքական աշխարհին ցույց տալ, որ ինքն ունակ է լեզու գտնել Թրամփի հետ,- ասել է Ջոզեֆ Ջեննինգը, ԵՄ միջազգային հարաբերությունների հարցերով բեռլինյան գրասենյակի ղեկավարը,- Մերկելը գիտի, որ բանակցությունների ժամանակ Թրամփի ռազմավարության բաղկացուցիչներից մեկն է գործընկերներին վախեցնելը։  Դրա համար էլ կանցլերը պետք է որոշակի սառնասրտություն դրսեւորի, որպեսզի ցույց տա , որ դրանով իրեն չես վախեցնի»։