«Առավոտ» թերթն իր խմբագրականում գրում է. «Ես երբեք չեմ դառնա Ազգային ժողովի պատգամավոր, որովհետեւ նման ցանկություն երբեւէ չեմ ունեցել եւ չեմ ունենալու: Բայց եկեք «մտափորձ» անենք եւ ենթադրենք, որ կցանկանայի առաջադրել իմ թեկնածությունը: Մտածում եմ՝ ինչ կխոստանայի այդ դեպքում: Սկսեմ այն բաներից, որոնք չեմ խոստանա՝ թոշակների, աշխատավարձերի բարձրացում, «Նաիրիտի», «Քիմպրոմի» եւ այլ նմանատիպ գործարանների վերագործարկում, անվճար բժշկություն եւ բարձրագույն կրթություն, արագաչափերի վերացում, աշխատատեղերի բացում, գազի-լուսի գնի էժանացում, բանկերի վարկերը դարձնել 3 տոկոս ես չէի խոստանա:

Այդ խոստումների մի մասը կամ ուտոպիա է, կամ պոպուլիզմ, մյուսը՝ տնտեսական ցուցանիշների հետ կապված, իհարկե, սկզբունքորեն հնարավոր է իրականացնել: Բայց տնտեսական վիճակը հետեւանք է, ոչ թե պատճառ: Իսկ պատճառը մենք ենք, մենք բոլորս, եւ շատ-շատ բան է կախված նրանցից, ովքեր ապրիլի 2-ից հետո պատգամավոր են դառնալու:

Եվ, հետեւաբար, իմ նախընտրական խոստումները, եթե դրանք լինեին, կառնչվեին միայն իմ անձի հետ: Ես նախ՝ փաստաթղթեր կներկայացնեի, թե ինչպես եմ ապառիկով գնել իմ տունն ու մեքենան, եւ կխոստանայի, որ դրանք 5 տարում չեն փոխվի, տունը ոչ մի սանտիմետր չի մեծանա, իմ իրերն ավելի ճոխ, ավելի «բրենդային» չեն դառնա:

Ես կխոստանայի, որ ոչ գաղտնի, ոչ էլ բացահայտ ոչ մի լրատվամիջոց չեմ պահի («Առավոտից» էլ, բնականաբար, կհրաժարվեի) եւ թույլ չեմ տա, որ որեւէ թերթ, կայք կամ հեռուստատեսություն դառնա իմ քարոզչամիջոցը:

Ես կխոստանայի պատգամավորությանը զուգահեռ չզբաղվել որեւէ գործով՝ բացի դասախոսական եւ գիտական աշխատանքից: Կխոստանայի առանց հարգելի պատճառի չբացակայել Ազգային ժողովի որեւէ նիստից: (Չգիտես ինչու, մեր օլիգարխիան հատուկ «պոնտ» է համարում պատգամավոր ընտրվել եւ Ազգային ժողովի նիստերի չգալ, քանի որ դա իրենց «արժանապատվությունից ցածր է»):

Ես կխոստանայի ոչ մեկին անձնապես չքննադատել եւ ոչ մի քննադատության չպատասխանել: Առաջ քաշել իմ գաղափարները եւ քննարկել դրանք, եթե պետք լինի՝ վիճել դրանց մասին, բայց երբեք չիջնել անձնական հաշիվներ մաքրելու մակարդակին: Ես երբեք ձայնս չէի բարձրացնի՝ ամբիոնի մոտ կանգնած:

Ես կխոստանայի օգնականներ պահել ոչ թե սուրճ եփելու, այլ ինձ համար տնտեսագիտական եւ իրավագիտական նյութեր նախապատրաստելու նպատակով: Ես կկարդայի բոլոր օրինագծերը, որպեսզի դրանց մասին ունենամ լուրջ ձեւավորված կարծիք:

Այդ ամենը ես իրականում չեմ խոստանում, որովհետեւ չեմ պատրաստվում պատգամավոր դառնալ: Իսկ չեմ պատրաստվում, քանի որ ամեն մեկն իր գործով պետք է զբաղվի: Իմ գործն ինձ շատ է դուր գալիս»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում