Այն միջազգային կառույցները, որոնք պատշաճ կերպով տեղեկացված են ղարաբաղյան հակամարտության մասին միանշանակ հասկանում են, որ Լեռնային Ղարաբաղի ճանաչումն անխուսափելի է: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Եվրաինտեգրման հարցերի խորհրդարանական հանձնաժողովի ղեկավար, ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

«Վերջերս Ղարաբաղ այցելած միջազգային խորհրդարանական կառույցների անդամներից մեկն ինձ հետ զրույցում նշեց, որ Լեռնային Ղարաբաղի անկախությունը մնում է թղթի վրա արձանագրել, մնացածն ակնհայտ է», - խոստովանել է Զոհրաբյանը, սակայն ավելացրել է, որ ԵԽԽՎ եւ այլ կառույցների պատգամավորների մեծ մասը, որոնք որոշումներ են ընդունում Ղարաբաղյան հարցի վերաբերյալ, նույնիսկ, քարտեզի վրա չեն գտնի Ղարաբաղն ու Հարավային Կովկասը:

«Խնդիրը մեր թույլ քարոզչության մեջ է: Մեզ թվում է, որ եթե մենք ճիշտ են, ԼՂՀ-ն անկախություն է հռչակել այն պահին գործած միջազգային իրավունքի նորմերով, ապա հանուն արդարության դա բոլորը պետք է ընդունեն; Ցավոք, դա այդպես չէ: Մարդկանց հետ պետք է աշխատել, աշխատել, աշխատել առանց դադարի ու դարձյալ աշխատել», - ասել է Զոհրաբյանը: