Հայաստանի խաղողագործության  եւ գինեգործության հիմնադրամի աջակցությամբ 2017 թվականի մարտի 19-21-ը հայկական 14  գինեգործական ընկերություններ մեկ միասնական տաղավարով կմասնակցեն Գերմանիայի Դաշնային Հանրապետության Դուսելդորֆ քաղաքում անցկացվող ամենամյա «PROWEIN 2017»-ին, որը համարվում է աշխարհի  ամենամեծ ու հեղինակավոր գինու մասնագիտացված  ցուցահանդեսը:

Գյուղնախարարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ցուցահանդեսին մասնակցության հիմնական նպատակն է արտերկրյա գնորդին ներկայացնել հայկական գինին եւ ընդլայնել սպառման շուկաները:

«PROWEIN 2017»-ը մեկ հարկի տակ է հյուրընկալում արտադրողներին, խոշոր եւ մանրածախ գնորդներին, վերամշակման համար անհրաժեշտ հումք եւ սարքավորումներ արտադրողներին, ինչը հնարավորություն է ընձեռում հիմնել նոր գործարար կապեր, ինչպես նաեւ ծանոթանալ վերամշակման նորագույն տեխնոլոգիաներին եւ գլոբալ շուկանների հիմնական միտումներին: