«Առավոտ» օրաթերթը անդրադարձել է «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի հետ նախօրեին տեղի ունեցած միջադեպին. Նա, ըստ տարածված տեղեկատվության, անհայտ անձանց կողմից բռնության էր ենթարկվել «Կոշ» քրեակատարողական հիմնարկում:
Թերթը զրուցել է ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի ներկայացուցիչ Լուսինե Հարությունյանի հետ, ով միջադեպի մասին ահազանգ ստանալուց հետո այցելել էր «Կոշ»: Թե ինչ է եղել ՔԿՀ-ում՝ Հարությունյանն ասել է. «Ես դժվարանում եմ պատասխանել: Առաջին հայացքից ակնհայտ ոչինչ չեմ տեսել: Միայն, եթե չեմ սխալվում, ձախ ձեռքի մատի վրա մի փոքր քերծվածք կար: Կարծեմ, դատաբժիշկը դա տեսել է, թե ինչ եզրակացության է հանգել, դեռ տեղյակ չեմ»,-ասել է Լուսինե Հարությունյանն ու Փաշինյանի վերմակի վրա «սապոգի եւ արյան հետքերի» մասին թերթի հարցադրմանն ի պատասխան հավելել, թե ինքն այդպիսի տեղեկությունների չի տիրապետում. «Ես հանդիպել եմ իրեն, արտաքին զննմամբ ոչինչ չեմ տեսել, բայց դա դեռ ոչինչ չի նշանակում: Հենց դրա համար էլ խնդրել ենք դատաբժշկի ներկայությունը»:





























