Հայաստանում համաներումը հայտարարվել է ոչ թե իշխանությունների բարի կամքով, այլ Հայ ազգային կոնգրեսի եւ միջազգային կառույցների ճնշման շնորհիվ։ Այս մասին, հուլիսի 2-ի ՀԱԿ-ի հանրահավաքի ժամանակ ասել է համաներումից հետո ազատ արձակված, Հայաստանի գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանը։
«Քանի Հայաստանում քաղբանտարկյալներ կան՝ մեզ հանգիստ չկա»,-ասել է Ջհանգիրյանը, շնորհակալություն հայտնելով ՀԱԿ-ի այն կողմնակիցներին, որոնք իրենց եւ իրենց հարազատների կյանքը վտանգի ենթարկելով պայքարել են 2008թ մարտի 1-2-ի առնչությամբ բանտարկվածների ազատ արձակման համար։
«Մենք քաղբանտարկյալներս ի սկզբանե դեմ ենք եղել համաներմանը։ Համաներումը կարող է հայտարարվել կատարված հանցագործության առնչությամբ, իսկ մեզ դատապարտել են մեր քաղաքական համոզմունքների համար։ Ասածս միջազգային հանրության կողմից ընդունված փաստ է։ Սրանից բացի, գլխավոր դատախազի նախկին տեղակալը ասել է.-»Հայաստանում բռնազավթած են ինչպես օրենսդիր ու գործադիր, այնպես էլ դատական իշխանությունները, նաեւ ողջ իրավապահ համակարգը", իսկ դրանց աշխատողները մի այնպիսի կախվածության ունեն իրենց ղեկավարներից, որ «խղճահարությունից բացի ուրիշ ոչ մի բանի արժանի չեն»։
Ջհանգիրյանը նաեւ ասել է, որ մարտիմեկյան դեպքերին առնչվող հայկական դատարանների վճիռները բողոքարկվելու են բոլոր մակարդակներով, որպեսզի փոխհատուցվի իրենց ֆիզիկական եւ բարոյական վնասը։ «Որպես երկրի հեղինակության մասին հոգացող քաղաքացիներ՝ ցանկանում ենք, որ Հայաստանի դատական եւ իրավական համակարգերի մակարդակով վերականգնվեն մեր իրավունքները», ասել է Ջհանգիրյանը, նշելով սակայն, որ դա հնարավոր չէ։ Այն հանգամանքը, որ հենց դատական համակարգն է ոտնահարում քաղաքացիների իրավունքները. «դրդում է մեզ դիմել միջազգային կառույցներին», ասել է նա։
Այս ամենից բացի Գագիկ Ջհանգիրյանը շեշտեց. Հայաստանի իշխանությունները խեղդում են մեր երկրի մեծ եւ փոքր բիզնեսը՝ օրեցօր ավելացնելով գործազուրկների բանակը։ Իսկ երկրի հարստությունը օլիգարխների եւ որոշ բարձրաստիճան այրերի մերձավորների շրջանակներից դուրս չի գալիս։ Այս եւ մի շարք այլ երեւույթների հետեւանքով, ըստ Ջհանգիրյանի, Հայաստանի անկախությունը վտանգված է։
«Մի՞ թե մենք կմերվենք այս ամենի հետ։ Մի՞ թե մեր երեխաներին եւ թոռներին այսպիսի երկիր ենք թողնելու։ Մեզ չես վախեցնի ճնշումներով եւ ձերբակալություններով, հաղթանակը մերն է»-ասել է Ջհանգիրյանը։
Նրանից բացի հանրահավաքում բանախոսել են մյուս ազատ արձակվածները։ Նրանց շարքերում է եղել նաեւ արցախյան ազատամարտի մասնակից Մյասնիկ Մալխասյանը։
«Ադրբեջանցիները երազում էին, որ ղարաբաղյան պատերազմի հերոսները բանտում հայտնվեն։ Եվ այսօր, դա իրականացվել է Հայաստանի գործող իշխանությունների ձեռքերով», մասնավորապես ասել է Մալխասյանը՝ հավելելով, թե այս խայտառակությունը երբեք չի մաքրվի նրանց վրայից։



























