Թուրքական Milliyet-ի օրեր առաջ արած հարցադրումը, թե TRT-ն ինչքա՞ն գումար է տվել Milliyet-ի գլխավոր խմբագրին սպանողին եւ Հռոմի Պապի դեմ մահափորձ իրականացնողին եթեր հրավիրելու համար, Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Առընչին է ներկայացրել  ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության Այթափից ընտրված պատգամավոր Աքիֆ Էքիջին։

Թուրք պատգամավորի գրավոր հարցադրման մեջ եղել են հետեւյալ հարցերը. «TRT-ի եթերում հանդես եկած հիշյալ անձնավորությանը որքա՞ն գումար է վճարվել։  Որքանո՞վ է ճիշտ եթեր հեռարձակել հոգեկան շեղվածություն ունեցող, իրեն սուրբ հայտարարած մի մարդասպանի ելույթը։

Ինչպե՞ս եք վերաբերվում այն մտահոգություններին, որ պետական հեռուստաընկերություն հանդիսացող TRT-ի եթերում Թուրքիայի հայտնի մտավորականին ու լրագրողին սպանողի ելույթը երեխաների համար վատ օրինակ կծառայի։ Արդյոք,  Ճի՞շտ եք համարում, որ TRT-ն ժողովրդի հարկերից գոյացած գումարների մի մասը վատնում է ժողովրդի կողմից չընդունված նման անձանց վրա»:

Նշենք, որ օրեր առաջ TRT-ն երեկոյան ուղիղ եթեր է հրավիրել 1979-ին Milliyet-ի գլխավոր խմբագրին սպանած եւ 1981-ին Հռոմի Պապի դեմ մահափորձ իրականացրած Մեհմեդ Ալի Աղջային, ով հայտարարել էր, թե Պապի մահափորձը իրականացրել է Վատիկանի վարչակազմի պատվերով:

TRT-ի կողմից այս քայլը երկու մասի է բաժանել թուրքական լրատվական դաշտը, քանի որ մի մասը գտնում է, որ սխալ է լրատվամիջոցի ղեկավարին սպանողին կանչել եթեր, իսկ մյուս մասը գտնում է, թե լավ ռեպորտաժ սարքելու համար նորմալ երեւույթ է: