Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի Հնդկաստան այցելության շրջանակներում, նա նոյեմբերի 11-ին Դելիում հանդիպել է իր գործընկեր Սոմանահալլի Մալլայահ Կրիշնայի հետ եւ քննարկել Հայաստանի եւ Հնդկաստանի միջկառավարական հանձնաժողովի նիստի հաջորդ նիստի գումարման խնդիրը:
ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նախարարները բարձր են գնահատել հնդկահայ համայնքի ներդրումը Հնդկաստանի բազմամշակութային ժառանգության ստեղծման, պահպանման եւ հարստացման գործում:
Է. Նալբանդյանը վերահաստատել է Կաշմիրի հարցում Հայաստանի դիրքորոշումը եւ շնորհակալություն հայտնել հնդիկ գործընկերոջը Կովկասում առկա խնդիրների վերաբերյալ Հնդկաստանի հավասարակշռված դիրքորոշման համար:
Նախարարներն ընդգծել են, որ առկա խնդիրներին կրոնական երանգ տալու փորձերը ապակառուցողական են եւ կարող են միայն բարդացնել կարգավորման հեռանկարները, եւ հարկավոր է դրանք լուծել միայն բանակցությունների միջոցով` խաղաղ ճանապարհով:
Էդվարդ Նալբանդյանն Հնդկաստանի իր գործընկերոջն է ներկայացրել արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումները:
Նախարար Կրիշնան շնորհակալություն է հայտնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Հնդկաստանի մշտական անդամության հարցում Հայաստանի աջակցության համար:
ԱԳ նախարարների հանդիպմանը մանրամասն անդրադարձ է կատարվել կրթության, գիտության եւ մշակույթի ոլորտներում փոխգործակցությանը: Քննարկվել են Հայաստանում Հնդկաստանի մշակութային կենտրոնի հիմնադրման եւ հայաստանյան ԲՈՒՀ-երից մեկում հնդկական ուսումնասիրությունների ամբիոնի ստեղծման հնարավորությունները :
Հանդիպումից հետո Հայաստանի եւ Հնդկաստանի ԱԳ նախարարների ներկայությամբ Հնդկաստանում ՀՀ դեսպան Արա Հակոբյանը եւ Հնդկաստանի մշակույթի նախարարության պետքարտուղար Ջավար Սիրկարը ստորագրել են Հայաստանի եւ Հնդկաստանի մշակույթի նախարարությունների միջեւ 2011-2012 թթ. մշակութային համագործակցության մասին հուշագիր:
Նոյեմբերի 12-ի առավոտյան Էդվարդ Նալբանդյանը նաեւ ընդարձակ հարցազրույց է տվել Հնդկաստանի պետական հեռուստատեսությանը:





























