Յուրաքանչյուր ասպարեզում մասնագիտական կրթությունն անկում է ապրում։ Այս մասին, այսօր՝ մարտի 16-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը, ում գլխավորած թատերական խումբը, «Մշակութային կանգառ» ծրագրի շրջանակներում եղել է Նոյեմբերյանում, Բերդավանում ու Բարձրունիքում (Վայոց Ձոր), որտեղից վերադարձել է մարտի 15-ին:

«Տաղանդն անբացատրելի բան է, որովհետեւ եթե դու տաղանդավոր ես ամբողջ կյանքումդ չես տաղանդավոր. պետք է գտնել տաղանդին եւ ստեղծել բոլոր պայմանները, որպեսզի տաղանդն արտահայտվի»,-ասաց նա:

Հարցին, թե ինչպես են ընտրում դերասաններին, Ռուբեն Բաբայանը պատասխանեց. «Հիմնականում թատերական ինստիտուտից։ Ամենակարեւորը, որ իրենք զգան ժամանակը. եթե արվեստում չես ապրում այսօրվա օրով, դատապարտված ես տեղում դոփելու։ Այն ամենը, ինչը մենք այսօր կոչում ենք դասական արվեստ, ժամանակին համարվել է հեղափոխական։ Կարեւոր է մտածողության եւ երեւակայության սահմանների բացակայությունը։ Եթե երիտասարդը բավարարում է տվյալ պայմաններին՝ թատրոնը տալիս է փորձելու բոլոր հնարավորությունները, քանի որ հնարավորություն պետք է տրվի բոլորին՝ յուրաքանչյուր բնագավառում»:

Ռուբեն Բաբայանը դասավանդում է թատերական համալսարանի ռեժիսորական բաժնում, որտեղ ամեն շաբաթ օր տեղի է ունենում ֆիլմերի եւ ներկայացումների դիտում ու քննարկում։ «Կարելի է ապրել ամենախուլ գյուղում, բայց լինել աշխարհի կենտրոնում։ Ցանկություն է պետք։ Մենք մեղադրում ենք ուրիշներին, որ մեզ չեն հասկանում, բայց երբ ինքներս ենք փորձում հասկանալ՝ մեզ էլ են հասկանում։ Դա երկկողմանի ճանապարհ է։ Թատրոնը բոլոր դեպքերում երկխոսություն է»,– նշեց նա։

Ռուբեն Բաբայանը նախընտրում է ոչ թե մասսայական, այլ անհատական արվեստը, երբ յուրաքանչյուրը յուրովի է ընկալում այն, ինչը տեսնում է։

Թատրոնի գեղարվեստական ղեկավարի խոսքով, Թատրոնի խաղացանկում կա մոտ 32 անուն եւ բոլոր տիկնիկների ձեւերը այնտեղ կան՝ մանիկեններ, դիմակներ, ձեռնոցային տիկնիկներ, մատերի թատրոն, ձողիկավոր տիկնիկների թատրոն։

Ներկայացումների մեծ մասը հայերեն են, բայց կան նաեւ ռուսերեն, անգլերեն. առանց խոսք ներկայացումներ, կա նաեւ «Անհաղթ Աքլորի» արաբական տարբերակը։

«Բոլոր ասպարեզներում մեզ մոտ  անկում է ապրում պրոֆեսիոնալիզմը՝ մասնագիտական կրթությունը։ Ես բեմադրել եմ 18 ներկայացում, բայց մի քանիսի տակ կարող եմ ստորագրել, ի տարբերություն գրողի, ով կարող է չհաջողված գործը պատռել»,–ասում է Ռուբեն Բաբայանը: