Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր այցելել է «Ալյանս» ազատ տնտեսական գոտու «ՌԱՕ Մարս» տարածքում դեղամիջոցների արտադրման եւ ներկրման կազմակերպման աշխատանքներով զբաղվող «Ֆարմատեք» ընկերություն:
Հիմնական արտադրամասում եւ լաբորատորիաներում շրջայցի ընթացքում վարչապետը ծանոթացել է «Ֆարմատեքի» գործունեության պայմաններին, արտադրական հզորություններին եւ զարգացման ծրագրերին: Կառավարության ղեկավարը կարեւորել է դեղագործական այս ընկերության գործունեության ընդլայնումն ու արտադրական ծավալների ավելացումը:
Կարեն Կարապետյանն այցելել է նաեւ «Արաբկիր» բժշկական համալիր, ծանոթացել մատուցվող մանկաբուժական ծառայություններին, ապա խորհրդակցություն անցկացրել «Առողջապահության կազմակերպիչների միավորում» հասարակական կազմակերպության ներկայացուցիչների հետ: Խորհրդակցության ընթացքում կառավարության ղեկավարը ներկայացրել է առողջապահության ոլորտում նախատեսվող բարեփոխումները եւ դրանց փիլիսոփայությունն ու նպատակը: Քննարկվել են, մասնավորապես, ոլորտում կոռուպցիայի վերացման, մատուցվող ծառայությունների որակի, պետական պատվերի բաշխման համակարգի, դեղորայքային քաղաքականության, պետական վերահսկողության մեխանիզմների, մարզային առողջապահական համակարգերի խնդիրները:
Վարչապետը հորդորել է «Առողջապահության կազմակերպիչների միավորում» ՀԿ ներկայացուցիչներին՝ Առողջապահության նախարարի հետ ակտիվ համագործակցությամբ մշակել եւ ներկայացնել քննարկված հարցերին վերաբերող կոնկրետ առաջարկությունների փաթեթ:
(27).jpg)
(23).jpg)
.jpg)



























