Ավելի շուտ երկինքը երկիր կիջնի, քան Ադրբեջանը կստանա Ղարաբաղը, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտարարեց Հանրապետական խմբակցության քարտուղար Էդուրադ Շարմազանովը՝ մեկնաբանելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի ռազմաշունչ հայտարարությունները։
«Բաքվի խանը չի դավաճանում իր սովորույթներին եւ Հայատանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ ամեն հանդիպումից առաջ հանդես է գալիս նմանատիպ սադրիչ հայտարարություններով, որպեսզի ձախողի բանակցությունները կամ դրանք փակուղի մտցնի, մի խոսքով, այնպես անի, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում առաջընթաց չգրանցվի։ Բացառություն չէ նաեւ Աստանայում կայանալիք ԵԱՀԿ գագաթաժողովը։ Հակառակ միջազգային հանրության դրական կանխատեսումներին՝ Ալիեւը որոշել է հանդես գալ հերթական ռազմաշունչ հայտարարություններով՝ նման կերպ նախազգուշացնելով, որ Բաքվից կառուցողականություն չարժե սպասել»,- հայտարարեց Շարմազանովը։
Նա նաեւ ընդգծեց, որ միջազգային հանրությունը պետք է վաղուց համարժեք գնահատական տված լիներ Ադրբեջանի նախագահի նմանօրինակ վարքին։
Նշենք, որ նախօրեին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հանդես էր եկել հերթական սադրիչ հայտարարությունով՝ հայկական կողմին սպառնալով պատերազմով եւ ադրբեջանական բանակի «մարտունակությամբ»։ Նա ընդգծել էր, որ Ադրբեջանն անում է ամեն բան Հայաստանին աշխարհից մեկուսացնելու համար։ «Հայաստանն այժմ աշխարհագրական փակուղի է»,- հայտարարել էր նա։





























