Ամերիկյան ռազմածովային ուժերը սեպտեմբերի 14-18-ը կժամանեն Ադրբեջան, որպեսզի ստուգեն ադրբեջանցի հատուկ նշանակության ծովայինների՝ ականներ վնասազերծելու ունակությունները։ Ինչպես հայտնում է 1news.az-ը, այդ մասին հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամլո ծառայության ղեկավար Էլդար Սաբիրօղլուն։ Նրա խոսքերով, այցն իրականացվում է Բաքվի եւ Վաշինգտոնի միջեւ ստորագրված ռազմական երկկողմ համագործակցության ծրագրի շրջանակներում։ Բացի դրանից, աղբյուրի համաձայն, ամերիկացի զինծառայողները կծանոթանան Ադրբեջանի ռազմածովային ուժերի ծովային հետեւակի ընդհանուր պատրաստվածությանը։
Ինչպես ավելի ուշ հաղորդել էր NEWS.am-ը, Բաքվի նավահանգիստ կատարելիք ոչ պաշտոնական այցին են պատրաստվում նաեւ Ռուսաստանի կասպյան տորմիղի դրոշակակիր «Թաթարստան» հրթիռանավը եւ հիդրոգրաֆիկ «Անատոլի Գուժվին» գիտական նավը։ Մարտական ծառայության առաջադրանքների կատարման համար ելք կտրվի դեպի Կասպից ծովի կենտրոնական եւ հարավային մասեր։ Ամենայն հավանականությամբ, երթը կգլխավորի ՌԴ կասպյան տորմիղի հրամանատար, փոխծովակալ Վիկտոր Կրավչուկը կամ նրա տեղակալ, դերծովկալ Վլադիմիր Վդովենկոն։




























