Չինաստանի Գուանչժոու հարավային քաղաքում այսօր, նոյեմբերի 12-ին կմեկնարկեն 16-րդ Ասիական խաղերը` 45 երկրների 10 հազար մարզիկների մասնակցությամբ:

Մրցումների համար Գուանչժոուում կառուցվել է 12 մարզակառույց, արդիականացվել է քաղաքային ենթակառուցվածքը: Չինաստանը խաղերում կներկայացնի 974 մարզիկ, այդ թվում Պեկինի Օլմպիական խաղերի 34 մրցանակակիրներ: Այս անգամ էլ չինացիները ոչ պաշտոնական թիմային հաշվարկի հաղթողի գլխավոր հավակնորդներն են: Նախորդ խաղերում` Դոհայում Չինաստանը նվաճեց 316 մեդալ, այդ թվում 165 ոսկե: Ծրագրի 42 մարզաձեւերում սպասվում է Լոնդոնի Օլիմպիական խաղերի ուղեգրերի հավակնող երիտասարդ մարզիկների մասնակցությունը: Երկրորդ տեղի համար պայքարը կծավալվի Հարավային Կորեայի, Ճապոնիայի եւ Հնդկաստանի միջեւ:

Չինաստանը երկրորդ անգամ է ընդունում Ասիական խաղերը. առաջին անգամ` 1990-ին Պեկինում տեղի ունեցած 11-րդ խաղերը: