Հաջորդ շաբաթվանից Հայաստանում Համաշխարհային բանկի ծրագրերով մրցույթները տեղի կունենան Ֆինանսների նախարարության էլեկտրոնային պետգնումների համակարգի միջոցով: Մարտի 17-ին լրագրողներին այս մասին հայտնեց ֆինանսների փոխնախարար Կարեն Թամազյանը:

Հիմա այդ մրցույթներն անցկացվում են Համաշխարհային բանկի մրցութային հարթակներում, սակայն Հայաստանի պետգնումների վերջին բարեփոխումները մրցույթների տեղական կազմակերպման հանդեպ ՀԲ-ի մոտ լիակատար վստահություն են առաջացրել: «Մենք արդեն ուսումնական դասընթացներ ենք անցկացրել արտասահմանյան ծրագրերի իրականացման Բյուրոյի աշխատակիցների շրջանում, որոնք գործում են մեր պետական գերատեսչությունների կազմում: Նրանք գիտելիքներ են ստացել, թե ինչպես տեղադրեն մրցույթի վերաբերյալ հայտարարությունները եւ հայտեր ընդունեն»,- նշեց Թամազյանը:

Մրցույթների տեղայնացման շուրջ բանակցություններ են վարվում հանրապետության նաեւ այլ խոշոր վարկատուների՝ Ասիական զարգացման բանկի հետ: