Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սեուլում ԱՄՆ նախագահի հետ հանդիպումից հետո հայտարարել է, թե Թուրքիայում հակահրթիռային համակարգերի տեղակայման հարցում ԱՄՆ-ը դրական է վերաբերվել թուրքական կողմի պահանջներին։

Թուրքական Beyazgazete-ի փոխանցմամբ՝  Թուրքիայի վարչապետը նշել է, թե Օբամայի հետ հանդիպման ընթացքում խոսել են հակահրթիռային համակարգերի տեղադրման հարցի շուրջ։ «ԱՄՆ նախագահին փոխանցել եմ այս խնդրում Թուրքիայի զգայունությունը։ Օբաման մեր պահանջներին դրական է վերաբերվել»-հայտնել է Էրդողանը՝ ընդգծելով, որ այդ հարցում Թուրքիան դեռ վերջնական որոշում չունի։

Նշենք, որ թուրքական  Zaman-ը նշել էր, թե դեռեւս շարունակվող հակահրթիռային պաշտպանության համակարգերի տեղակայման խոսակցությունների ֆոնին,  թուրքական կողմը երաշխիքներ է պահանջել ԱՄՆ-ից, որ դրանցում տեղադրված հետախուզական սարքերի միջոցով ստացված տվյալները չեն տրամադրվի Իսրայելին, նաեւ պահանջել է Իրանին հանել վտանգ ներկայացնող երկրների շարքից։