«Սա առաջին դեպքը չէ, երբ քաղբանտարկայլների նկատմամբ կիրառվում է բռնություն»: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 12-ին հրավիրված ասուլիսում հայտարարեց Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը: Նա հիշեցրեց, որ Փաշինյանը միակ քաղբանտարկյալը չէ, ով բռնության է ենթարկվել: Ժամանակին նրա ճակատագրին են արժանացել նաեւ ՀԱԿ ներկայացուցիչ այլ քաղբանտարկյալներ՝ մասնավորապես Վարդգես Գասպարին, Աշոտ Մանուկյանը: «Դա քաղաքական նպատակներով է արվում, որի նպատակը ներման խնդրագիր կորզելն է»,-հայտարարեց ՀԱԿ համակարգողը:
Ըստ նրա՝ այսպիսով իշխանությունները մտադիր են նաեւ լռեցնել Նիկոլ Փաշինյանի կողմից խմբագրվող «Հայկական ժամանակ» օրաթերթը, քանի որ թերթը վերջին շրջանում հանդես է գալիս օլիգարխների մասին աղմկահարույց հրապարակումներով: Օլիգարխների կողմից ղեկավարվող ռեժիմը, ըստ Զուրաբյանի, ուզում է թերթի դեմն առնել, ինչը, սակայն, չի հաջողվի: «Դա չի հաջողվի, մենք բանեցնում ենք բոլոր հնարավոր օղակներն ու լծակները՝ Նիկոլի անվտանգությունն ապահովելու համար»,-հայտարարեց ՀԱԿ համակարգողը: Այս հարցում, ըստ նրա, կարեւոր է նաեւ լրագրողների աջակցությունը: Քիչ անց, հիշեցնենք, մեկնարկում է ի պաշտպանություն Նիկոլ Փաշինյանի պիկետը:





























