ՀԱԿ-ը ոչ թե պահանջում, այլ ստեղծում է արտահերթ ընտրությունների նախադրյալներ: Այս մասին նոյեմբերի 12-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեուն Զուրաբյանը: «Մենք ստեղծում ենք այնպիսի մթնոլորտ, որպեսի տեղի ունենան  արտահերթ ընտրություններ»,-ասաց նա եւ տատանվողներին կոչ  արեց միանալ իրենց,  որպեսզի իշխանությունների շուրջ օղակն ավելի սեղմվի եւ նրանք տեղի տան՝ նշանակելով արտահերթ ընտրություններ:   

«Բնական է, պայքարը հեշտ չի լինելու: Ավագանու  ընտրություններից հետո մենք կանգնած էինք դիլեմայի առաջ: Տեղի էր ունեցել ժողովրդի կամքի բռնաբարություն եւ դժվար էր: Էլի կարելի էր աշխատել, եթե իմանայինք, որ այդ մի քանի մանդատը կարող էինք օգտագործել որպես զենք եւ ուժեղացնել մեր պայքարը: Ի տարբերություն ԱԺ-ի, ավագանին նման ամբիոն չի եւ նման հնարավորություն չի տալիս: Շատ մեծ ռիսկ կար, որ ընդգրկվելով այդ աշխատանքներում մենք համազգային ուժի կարգավիճակ ունեցող կառույցից կարող էինք վերածվել տեղային հարցեր լուծող ուժի: Եթե Նիկոլը լիներ պառլամենտում, քաղաքական մթնոլորտը կփոխվեր»,-ասաց Զուրաբյանը:

Նա նաեւ հավելեց, որ պառլամենտում ամբիոն ունենալուց ՀԱԿ-ը երբեք չի հրաժարվելու: «Որեւէ անկեղծ քաղաքական ուժ իրեն չի կարող թույլ տալ հրաժարվել դրանից, սակայն մենք դա չենք դիտարկում որպես առաջնային սցենար: Որպես առաջնային մարտավարություն մենք դիտարկում ենք արտահերթ համապետական ընտրությունների պարտադրումը»,-ասաց նա: