Հայ Ազգային Կոնգրեսը շարունակում է Ազատության հրապարակը նվաճելու գործընթացը եւ հերթական իրազեկումն է ներկայացրել քաղաքապետարան՝ այդ վայրում հանրահավաք անցկացնելու թույլտվություն ստանալու համար: Այսօր՝ նոյեմբերի 12-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը նշեց, որ քաղաքապետարանն ի գիտություն չընդունելով ՀԱԿ իրազեկումները՝ կոպտորեն խախտում է օրենսդրությունը:
Նա Ազատության հրապարակը զբաղված հայտարարելու քաղաքապետարանի պարզաբանումները համեմատեց այն աղջկա հետ, որի հետ ինչ-որ մեկը հանդիպելու ցանկություն է հայտնում, սակայն աղջիկը պաբերաբար մերժում է, ասելով, որ ազատ չէ: Նրա հետ հանդիպելու ցանկություն ունեցող տղան էլ ստիպված է լինում հարցնել, թե որ օրն է ազատ, որպեսզի տեղի ունենա հանդիպումը: «Մենք ստիպված ենք հարցնել, լավ, ո՞ր օրն է ազատ հրապարակը, որ այդ օրվա համար էլ հայտ ներկայացնենք»,-կես կատակ-կես լուրջ ասաց Զուրաբյանը: Նա նաեւ հավելեց, որ անկախ քաղաքապետարանի որոշումից` Հայ Ազգային Կոնգրեսը վերանվաճելու է Ազատության հրապարակը:
Լեւոն Զուրաբյանը այսօր քաղաքապետարան է ներկայացնելու դիմում, որում ասվում է. «Ազատության հրապարակի վերաբացումից հետո 30-ից ավելի իրազում է եղել քաղաքապետարան` հանրահավաքների եւ ցույցերի ավանդական դարձած վայրում ՀԱԿ-ի հանրահավաք անցկացնելու համար:
Քաղաքապետարանը բոլոր դեպքերում արգելման որոշում է կայացրել ` օրենքին հակասող, այդ թվում նաեւ ծիծաղելի հիմնավորումներով: Համաձայն սույն խնդիրը կարգավորող «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» օրենքի` Ազատության հրապարակը չի ընդգրկված այն օբյեկտների շարքում, որտեղ արգելվում են զանգվածային հրապարակային միջոցառումներ (հոդված 9): Նույն օրենքի պահանջների համաձայն, քաղաքապետարանը նման հայտ ստանալիս «պարտավոր է կազմակերպչին առաջարկել զանգվածային հրապարակային միջոցառման անցկացման այլ օրեր եւ այլ ժամեր» իրազեկման մեջ նշված վայրում (հոդված 13.4), ինչը, ոտնահարելով օրենքի պահանջը, երբեւէ չի արել:
Ըստ այդմ ` առաջարկում ենք տեղյակ պահել, թե առաջիկայում ո՞ր օրերն են, որ Ազատության հրապարակում զանգվածային հրապարակային միջոցառում անցկացնելու համար խնդիր չեն հարուցում»:





























