Միլանում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում երեկ բավական անհաջող ելույթ են ունեցել Հայաստանի ներկայացուցիչները:

«Armsport.am» կայքի փոխանցմամբ, 64 կգ քաշային Էդուարդ Համբարձումյանը 1/16-րդ եզրափակիչի շրջանակներում մրցել է թուրք Օնուր Սիպալի հետ, ու թեեւ, Եվրոպայի 2009 թ. չեմպիոնը համարվում էր այս դիմակայության բացահայտ ֆավորիտը, սակայն զիջեց մրցակցին:

Անսպասելիորեն պարտվել է նաեւ 60 կգ քաշային Հրաչյա Ջավախյանը: 2008 թ. օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիրը 1/16-րդ եզրափակչում անսպասելի պարտություն է կրել բրազիլացի Էվերտոն Լոպեսից: Անհաջողության է մատնվել նաեւ 51 կգ քաշային Դերենիկ Գիժլարյանը, ով պարտվեց Ռուսաստանի ներկայացուցիչ Միշա Ալոյանին:

Հայաստանի ներկայացնող 9 բռնցքամարտիկներից 5-ն արդեն թողել են պայքարը, թեեւ դեռ չեն ավարտվել 1/16-րդ եզրափակիչի հանդիպումները: