Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը նույնպես արձագանքել է «Կոշ» քրեակատարողական հիմնարկում «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր, քաղբանտարկյալ  Նիկոլ Փաշինյանի դեմ կիրառված բռնությանը: ՄԻՊ-ի հայտարարությունից պարզ է դառնում, որ ՄԻՊ աշխատակիցներն այդպես էլ չեն այցելել Նիկոլ Փաշինյանին, այլ դեպքի մասին փորձել են տեղեկանալ հեռախոսով` «Կոշ ՔԿՀ-ի ղեկավարությունից:

Ստորեւ ներկայացնում ենք ՄԻՊ-ի հայտարարությունը:

«Նոյեմբերի 11-ին` առավոտյան 3:54 րոպեին, Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի բջջային հեռախոսին է զանգում Նիկոլ Փաշինյանի կինը եւ հայտնում, որ իր ամուսնու վրա հարձակվել են դիմակավոր անձինք եւ վերջինս անհետացել է: Կինը չի ցանկանում Պաշտպանին ասել իրեն դեպքի մասին տեղեկացնողի ով լինելը:

Ա. Հարությունյանը հանձնարարում է ՄԻՊ արագ արձագանքման խմբի ղեկավարին ճշտել դեպքի մանրամասները:  Խմբի ղեկավարին ՀՀ ԱՆ «Կոշ» ՔԿՀ-ից հայտնում են, որ ժամը 2 անց 30-ի սահմանում հերթապահները աղմուկ են լսել եւ մոտենալով`  տեսել են, որ  Ն. Փաշինյանի մահճակալի մոտ լույս է վառվում: Փաշինյանը ասել է, որ երկու դիմակավոր եկել եւ իրեն բռնության են ենթարկել: Նշենք, որ ՄԻՊ արագ արձագանքման խմբի ղեկավարի զանգի ընթացքում արդեն Ն. Փաշինյանը գտնվել է Կոշ  ՔԿՀ-ի հերթապահ մասում:

Երեկ ողջ օրը, ՀՀ ՄԻՊ գրասենյակը պարբերաբար պահանջել եւ տեղեկատվություն է ստացել  ՀՀ ԱՆ Կոշ ՔԿՀ-ի վարչակազմից: Այժմ Կոշ  ՔԿՀ-ում  շարունակվում է քննությունը:

ՄԻՊ գրասենյակը լրատվամիջոցներին երեկ պարզաբանումներ է տվել միայն դատաբժշկական փորձաքննության արդյունքների վերաբերյալ, եւ ո’չ հաստատել, ո’չ էլ հերքել է հարձակման  վերաբերյալ տեղեկատվությունը, քանի որ այն  ի սկզբանե իրարամերժ էր:

Հայտնում ենք, որ եթե Ն. Փաշինյանը համաձայն չէ  Առողջապահության նախարարության հանրապետական դատական բժշկության գիտագործնական կենտրոնի կողմից դատաբժշկական փորձաքննության տվյալների արդյունքներին, ապա ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը պատրաստ է վերջինիս աջակցել այլ փորձաքննություն անցկացնելու հարցում:

Նշենք նաեւ, որ Ա. Հարությունյանը դեպքի մանրամասների վերաբերյալ  հեռախոսազրույց է ունեցել  ՀՀ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի, ինչպես նաեւ Ն. Փաշինյանի փաստաբան Վահե Հովսեփյանի հետ:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը անընդունելի է համարում մինչ պաշտոնական փորձաքննությունը հայտարարություններ անելը եւ կոչ է անում զերծ մնալ նման հայտարարություններից:

Կոչը հավասարապես ուղղված է ՀՀ ԱԺ պատգամավոր Զ. Փոստանջյանին  եւ ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հասարակայնության հետ կապերի  բաժանմունքի պետ Ա. Բաբայանին, ովքեր նախքան փորձաքննության արդյուքների ստանալը հանդես էին եկել հայտարարություններով»: