Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնն այն հարթակն է, որտեղ պետք է մշակվի մեր վաղվա օրը: Այս մասին, այսօր՝ մարտի 21-ին, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական, ՄԱԶԾ ղեկավարի՝ քաղաքականության եւ ծրագրերի աջակցության գծով օգնական Մագդի Մարտինեզ Սոլիմանիի հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:

Կառավարությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպմանը քննարկվել են  Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի եւ ՄԱԶԾ-ի միջեւ հետագա համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: Կարեն Կարապետյանը շնորհակալություն է հայտնել պարոն Սոլիմանին Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնին ցուցաբերած տեխնիկական օժանդակության համար եւ կարեւորել տարբեր ոլորտներում բարեփոխումների իրականացման, տեսլականի ձեւավորման, ՀՀ-ի՝ միջազգային ներկայացվածության բարձրացման ուղղությամբ փոխգործակցությունը:

«Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնն այն հարթակն է, որտեղ պետք է մշակվի մեր վաղվա օրը եւ մենք շահագրգռված ենք ՄԱԿ-ի հետ համագործակցությամբ»,- ասել է ՀՀ վարչապետը: 

Մարտինեզ Սոլիմանը նշել է, որ պատրաստ են շարունակել աջակցությունը մեր երկրում բարեփոխումների իրականացման ուղղությամբ, ինչը կնպաստի առողջապահության, հանրային կառավարման եւ այլ ոլորտների զարգացմանը: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը բարեփոխումների կյանքի կոչման գործում կարեւորել է ՀՀ կառավարության, Սփյուռքի եւ ՄԱԿ-ի համապատասխան կառույցների համատեղ աշխատանքը, կապերի ընդլայնումն ու ներուժի իրացումը:

Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը պատրաստ է  լսել ու քննարկել կամայական ոլորտի վերաբերյալ յուրաքանչյուր առաջարկություն: «Մենք կանգնած ենք ֆունդամենտալ բարեփոխումների առջեւ բոլոր ոլորտներում եւ մեր խնդիրն է առաջին հերթին բարձրացնել արդյունավետությունը: Մենք պատկերացնում ենք ուր ենք գնալու եւ ունենք կամք՝ մեր ծրագրերն իրականացնելու համար»,- ընդգծել է կառավարության ղեկավարը: