2010 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների կտրվածքով Հայաստանի Հանրապետությունում ծնվել է 32. 903 երեխա, ընդ որում առաջին եռամսյակի տվյալներով, տղաների թիվը կազմել է 9301, իսկ աղջիկներինը՝ 8031 հոգի։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման տվյալ տրամադրեցին Ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի եւ ժողովրդագրության բաժնից։
«Չհաշված Երեւանը, ուր 2010 թվականի 9 ամիսների ընթացքում ծնվել է 11.602 երեխա, ամենաշատ թվով երեխաներ ծնվել են համապատասխանաբար Կոտայքի (2945 երեխա), Արարատի (2931 երեխա) եւ Արմավիրի մարզերում (2919 երեխա)»,- տեղեկացրեցին Ազգային վիճակագրական ծառայությունից:
Անդրադառնալով մինչեւ 1 տարեկան երեխաների մահացությունների գրանցված դեպքերին՝ մարդահամարի եւ ժողովրդագրության բաժնից պարզաբանեցին, որ 2010 թվականի առաջին 9 ամիսներին ամենատարբեր հիվանդությունների արդյունքում մահացել է մինչեւ 1 տարեկան 367 երեխա։ «Մահացության 81 դեպք գրանցվել է Երեւանում, Շիրակի եւ Լոռվա մարզերում՝ համապատասխանաբար 56 եւ 44 դեպքեր ունենք»,- ասաց մասնագետը։
Նշենք, որ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, այս տարվա հունվար-մայիս ամիսների կտրվածքով արական սեռի երեխաներին ամենաշատը տրվել են Նարեկ, Դավիթ, Գոռ, Արման եւ Էրիկ, իսկ աղջիկներին՝ Մանե, Միլենա, Անի, Անահիտ եւ Էլեն անունները։





























