Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հարցազրույցը Թուրքիայում լույս տեսնող «Ժամանակ» թերթին, միտված է Եվրամիությանն ու ԱՄՆ-ին սիրաշահելուն: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը: Նա նշեց, որ այդ հարցազրույցում Թուրքիայի վարչապետը քաղցր-մեղցր խոսքեր շռայլելով Թուրքիայում ապրող հայ համայնքի հասցեին, նպատակ ունի ցույց տալ ԵՄ-ին, որ ինքը պատրաստակամ է շարժվել քաղաքակրթության ճանապարհով:
«Մինչ այդ Էրդողանը պատասխանեց ԵՄ-ի կողմից իր հասցեին արված հայտարարություններին՝ կապված Թուրքիայի՝ ԵՄ-ին անդամակցելու հետ, եւ նշեց, որ Թուրքիան այն երկիրը չէ, որը կարող է տասնյակ տարիներ կանգնած մնալ ԵՄ-ի դռան հետեւում, որ կարող է դառնալ մահմեդական աշխարհի առաջնորդ, եւ որ Արեւմուտքը հրաժարվում է Թուրքիային օգտագործել որպես կամուրջ՝ Արեւմուտքի եւ մահմեդական աշխարհի միջեւ: Ահա այս կոշտ եւ քննադատական հայտարարությանը հետեւեց Թուրքիայի վարչապետի սիրաշահող հայտարարությունը՝ ուղղված հայությանը»,-ասաց քաղաքագետը:
Ըստ նրա՝ Թուրքիան առաջնորդվում է «գործընթացն ամեն ինչ է, նպատակը՝ ոչինչ» մարտավարությամբ եւ փորձում է հայ-թուրքական գործընթացն օգտագործել սեփական իմիջը Արեւմուտքի աչքերում բարձրացնելու համար: Էրդողանի քաղցր-մեղցր ձեւակերպումները եւ հայերին սիրաշահելու փորձը, ըստ Հովհաննիսյանի, առաջին հերթին հասցեագրված են ԵՄ-ին եւ ԱՄՆ-ին, որոնք էլ հանդես եկան որպես հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման երաշխավորներ, սակայն նրանց այդ նախաձեռնության արդյունքները եղան զրոյական: Ինչ վերաբերում է Հայաստանին, որպես կողմ, ապա, ըստ քաղաքագետի. «Հայաստանը խաղաքարտի վրա ընդամենը պեշկա է եւ Թուրքիան առանձնապես խնդիր չունի սիրաշահել Հայաստանին»:
Նշենք, որ Թուրքական Hurriyet օրաթերթը Թայիփ Էրդողանի հարցազրույցում արված ձեւակերպումները մեկնաբանել է որպես «Ստամբուլում լույս տեսնող «Ժամանակ» թերթի միջոցով Հայաստանին ուղղված մեսիջ»:
Հիշեցնենք, որ հարցազրույցում Էրդողանը մասնավորապես ասել էր. «Ես մեծ գնահատանքով եմ հետեւում Թուրքիայի հայ համայնքի` երկրի ներքին խաղաղության ու զարգացման համար գործադրած ջանքերին: Հայ համայնքին դիտում եմ որպես Թուրքիայի հարստություն»:





























