ԱՄՆ-ի առաջատար քաղաքագետ Զբիգնեւ Բժեզինսկին «արտաքին քաղաքականության իրականացման սխալ միջոց» է անվանել Մեթյու Բրայզայի` որպես Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպան նշանակման արգելափակման փորձերը:

Բրայզայի թեկնածությունը արգելափակելու ուղղությամբ հայկական լոբբիի կողմից գործադրվող ջանքերի վերաբերյալ այս հայտարարությամբ Բժեզինսկին հանդես է եկել Վաշինգտոնում անցկացված «ԱՄՆ-ի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերություններ. «ռազմավարական գործընկերության» իրավիճակը» խորհրդաժողովում:

«Ամերիկայի ձայնի» փոխանցմամբ` Բժեզինսկին ասել է. «ԱՄՆ-ի քաղաքացիների ցանկացած ազգային խումբ իրավունք ունի բարձրաձայնել արտաքին քաղաքականության վերաբերյալ իր ունեցած կարծիքը: Սակայն կառավարությունը պե՞տք է արդյոք ականջ դնի այդ խմբի պահանջներին` մանավանդ, եթե այդ պահանջները միակողմանի են»:

Շեշտելով, որ կառավարությունը պետք է այլընտրանքային լուծումներ գտնի այդ խնդրին, նա ասաց, թե «այս դեպքում գործին վերաբերող կանխատեսումները պետք է ճշգրիտ լինեն»:

Բժեզինսկին, մասնավորապես, նշել է, որ Մեթյու Բրայզան կարող է, առանց Սենատի հաստատման, նշանակվել Ադրբեջանում ԱՄՆ-ի առաքելությունը գլխավորող նախագահի ներկայացուցիչ: