Թերթն անդրադառնում է շաքարային դիաբետի խնդիրներին եւ ցավով նշում, որ Հայաստանը այն երկրների շարքում է, որոնք դիաբետով հիվանդների թվով տարեցտարի աճ են արձանագրում. այսօր մեր երկրում կա 40 հազարից ավելի դիաբետով հիվանդ, ընդ որում՝ շուրջ 580 երեխա շաքարային դիաբետի ախտորոշում ունի:
Պարզվում է, որ շաքարային դիաբետը երեխաների շրջանում առավել տարածված քրոնիկական հիվանդությունն է: Ավելին՝ դիաբետի միջազգային կոմիտեի տվյալներով՝ աշխարհում ամեն տարի մինչեւ 15 տարեկան շուրջ 70 հազար երեխա ունեն 1-ին կարգի դիաբետ:
…Ի դեպ, այս հիվանդության տարածվածությունը բժշկական աշխարհը հաճախ պայմանավորում է ապրելակերպով եւ սննդակարգով: Հայերը անկանոն են սնվում, ուտում են ինչ պատահի, երբ պատահի, բժշկի էլ սովորաբար դիմում են այն ժամանակ, երբ դանակը ոսկորին է հասնում: Ընդ որում, շաքարային դիաբետը հենց այն հիվանդություններից է, որով մարդը տարիներ շարունակ կարող է հիվանդ լինել, բայց եւ անտեղյակ լինել իր իսկ հիվանդությանը:
Բայց, ցավոք, նրանք էլ, ովքեր տեղյակ են, ովքեր հաշվառված են պոլիկլինիկաներում, արդյունավետ բուժում չեն կարողանում ստանալ: Պատճառը պարզ է` պոլիկլինիկաներում շաքարային դիաբետով հիվանդները չեն կարողանում ստանալ իրենց հասանելիք դեղորայքը: Նրանց մի զգալի մասը իր հասանելիքը բավական թանկ գնով ստիպված գնում է դեղատներից, քանզի հաշվառված հիվանդների թվով ստացված ինսուլինը եւ դիաբետոնը ուղիղ գծով գնում են դեղատուն, արձանագրում է թերթը:





























